ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը համոզել է ԱՄՆ Կոնգրեսին ակտիվացնել Պաղեստինին հատկացվելիք 200 մլն դոլար ֆինանսական օգնությունը: Այդ միջոցները սառեցվել էին 2011 թ. օգոստոսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի կողմից` կապված Պաղեստինի կողմից անկախության ճանաչմանն ուղղված մտադրությունների հետ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, միջոցները բացելու որոշումը կայացրել է այդ կոմիտեի ղեկլավարը` Հանրապետական կուսակցության անդամ Իլեանոս Ռոս Լետինենը: Իր որոշման մասին նա նամակով տեղեկացրել է պետդեպին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը: Որոշումը կայացվել է հենվելով Բարաք Օբամայի վարչակարգի այն ենթադրության վրա, որ Պաղեստինին 200 մլն դոլար օգնություն տրամադրելն անմիջապես բխում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերից:
Միջոցները բացելու ևս մեկ կարևոր փաստարկ է այդ հարցում Իսրայելի կառավարության համաձայնությունը:
Պաղեսինին հատկացվող 200 մլն դոլար գումարից 50 մլն-ը կհատկացվի անվտանգության ուժերին, մյուս 150 մլն-ը կուղղվի այլ նպատակների: Ենթակառուցվածքների զարգացման համար առանձնացված և հետո սառեցված 192 մլն դոլարը առայժմ չի բացվել:
ԱՄՆ-ը Պաղեստինի ինքնավարությանը հատկացնում է տարեկան 500 մլն դոլար: