Ինչպես տեղեկացնում է «Խոսքի իրավունք» միության մամլո հաղորդագրությունը, սույն թվականի փետրվարի 23-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունել է չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերության պատվիրակությանը և քննարկել հանքարդյունաբերության ոլորտում նրանց իրականացնելիք ներդրումային ծրագիրը:
Միությունը տեղեկացնում է, որ նշված ընկերությունն այս տարվա հունվարին Հայաստանում ձեռք է բերել երեք հանքավայր, որոնցից մեկը գտնվում է Սյունիքի մարզի Սվարանց գյուղում: Հանքավայրը գտնվում է Տաթև գյուղից ընդամենը 4 կմ հեռավորության վրա:
Սվարանցի երկաթի հանքը գտնվում է նախնական ուսումնասիրման փուլում: Սվարանցի երկաթահանքի պաշարները, ըստ նախնական գնահատականների, կազմում են մոտ 1,5 մլրդ տոննա: Դա նշանակում է, որ բավականին մեծ տարածք է շահագործվելու:
Հանքավայրի շահագործումն աղետալի հետևանքներ կունենա շրջակա միջավայրի վրա: Ծրագիրն ընդգրկում է Տաթև վանական համալիրը, շրջապատող գյուղերը, այդ թվում՝ Սվարանցը: