Վրաստանը կողմնորոշված է տնտեսական զարգացման ուղղությամբ, այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ խորհրդարանական մեծամասնության հետ հանդիպմանը:
«Չնայած աշխարհում տնտեսական բացասական գործընթացներին, չնայած եվրագոտին գործնականում փլվում է, և դա, բնականաբար, ծանր անդրադարձ է ունենում Վրաստանի առևտրային հարաբերությունների վրա, մեր բյուջեն կողմնորոշված է դեպի տնտեսական զարգացում և աճ»,- հայտարարել է Սաակաշվիլին:
«Մենք ունենք 2008-2009 թթ. փորձը, երբ համաշխարհային ճգնաժամի պայմաններում մեր երկիրը շարունակում էր զարգանալ»: Վրաստանի նախագահի խոսքով` չնայած գլոբալ բացասական մթնոլորտին նա լավատեսորեն է տրամադրված Վրաստանի տնտեսական զարգացման ուղղությամբ:
«Շատ երկրներ այդ ընթացքում տնտեսական ցուցանիշների նվազում են արձանագրել, իսկ մեզ մոտ աճ է գրանցվել, այս տարի այն յոթ տոկոս է կազմել»:
«Ես չեմ ասում, թե մենք պետք է մեր երջանկությունը ուրիշների դժբախտության վրա կառուցենք, բայց այս պայմաններում մենք պետք է օգտագործենք ներդրումների հնարավորությունները»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: