Նախընտրական մարտավարությունների մասին խոսելն արդեն քաղաքական դաշտում դառնում է ավելի ու ավելի սովորական: Սակայն առայժմ բացակայում է ամենակարևորը` ի՞նչն է լինելու նախընտրական օրակարգի առանցքը, ի՞նչ հարցեր են առաջադրվելու հասարակությանը: Ընդ որում` խոսքը ոչ միայն բուն, այլ նաև պսեվդո-օրակարգի մասին է:
Բանն այն է, որ իշխանությունը անկասկած ձգտելու է հասարակությանը ներկայացնել հարցերի մի շրջանակ, որոնք շատ կկարևորվեն, բայց իրականում որոնք ընդամենը կլինեն կարևոր հարցերի չլուծվածության հետևանք և կծառայեն կարևոր հարցերի շուրջ քննարկումների ձայնը լռեցնելու աղմկոտ ֆոն, ուշադրություն շեղելու ավանդական մեթոդիկայի համատեքստում: Հետևաբար, ընտրությունից դեռ ամիսներ առաջ հանրությունը, թերևս, պետք է իր համար կայացնի էլ ավելի կարևոր մի ընտրություն` կապված հենց նախընտրական օրակարգի հետ: Հասարակությունն ինքը պետք է ընտրի այն հարցերի շրջանակը, որոնց կապակցությամբ ցանկանում է խոսք լսել քաղաքական ուժերից: Մեծ հաշվով, հասարակությունն, իհարկե, կատարել է իր այդ ընտրությունը դեռևս 2008թ.-ի փետրվարից, սակայն խնդիրն այն է, որ այդ ժամանակաշրջանից ամիսներ ու տարիներ են անցել, տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք իրենց անխուսափելի հետքն են թողել հանրային տրամադրությունների վրա:
Բայց, թերևս, կա մի բան, որը պետք է հասարակության գիտակցության մեջ արմատավորվի արդեն իսկ այսօրվանից: 2008թ.-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները, իշխանական մարտավարությունը, գրեթե համապետական ընտրության էներգետիկա ունեցող Երևանի ավագանու ընտրությունների իշխանական մարտավարությունը, դրան նախորդած ու հաջորդած իմիտացիոն պրոցեսները վկայեցին, որ Հայաստանում մի ուրվական է շրջում, և առաջիկայում թերևս գործ ենք ունենալու ընտրակեղծարարության նոր մեթոդի հետ` ընտրությունների կեղծումը սկսում է նախընտրական օրակարգի կեղծումից:
Կեղծվում են նախ առաջնահերթությունները, լղոզվում է դաշտը, հնարավորինս խառնվում են քննարկվող հարցերը, փոշիանում է օրակարգը և այդպիսով ապակենտրոնացվում է հանրային էներգիան, ինչն արդեն զգալիորեն թուլացնում է հանրային օրգանիզմի ընտրական դիմադրունակությունը: Ահա թե ինչու ե՛ւ հասարակությունը, ե՛ւ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք առաջիկա համապետական արտահերթ, թե հերթական ընտրություններում ապավինելու են ոչ թե փողին, կրիմինալին և անօրինականություններին, այլ հանրային դիմադրունակությանը, արդեն իսկ այսօրվանից պետք է հանրության հետ սկսեն հստակ աշխատանքը նախընտրական բուն օրակարգի ստեղծման և պսեվդո-օրակարգերի չեզոքացման համար: