ԱՄՆ Գեթթիի թանգարանը հինգշաբթի չկարողացավ տապալել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացրած հայցը: Եկեղեցին թանգարանին մեղադրում էր միջնադարյան նկարազարդ մագաղաթների` 755-ամյա աշխատանքի մի քանի էջերը թաքցնելու մեջ: Դրանք հին մագաղաթներ են և եկեղեցու համար սրբություն են համարվում:
Եկեղեցին հույս ունի վերականգնել Զեյթունի Ավետարանի ութ նկարազարդ մագաղաթները, որոնք մի ժամանակ զարդարել են գրքի շապիկը:
Ինչպես հայտնում է Glendale News-Press-ը, կարճատև լսումներից հետո, Լոս Անջելեսի Վերաքննիչ դատարանի դատավոր Աբրահամ Հանը մերժել է Գեթթիի թանգարանի՝ հայցը չբավարարելու միջնորդությունը: Թանգարանի փաստաբանները պնդում էին, որ հայցի ժամկետը անցել է տասնամյակ առաջ: Սակայն դատավորը նշել է, որ դա դեռ «պարզ չէ», և 4 ամիս` մինչև մարտի 2-ը ժամանակ է տվել խնդիրն ինքնուրույն կարգավորելու համար:
Գեթթիի թանգարանը հայտարարել է, որ ինքը այդ մագաղաթները օրինական է պահում: Իսկ հայկական կողմը նշել է, որ թանգարանը տեղյակ չէ սկզբնական պատմությանը: Զեյթունի Ավետարանի մագաղաթները Ամերիկայում են հայտնվել այն բանից հետո, երբ թուրքերը 1916 թվականին հայերին վտարել էին Կլիլիկիայից, հետագայում Օսմանյան կայսրության ամբողջ տարածքից:
Դատավորն ասել է, որ ինքը պետք է ուշադրություն դարձնի Կիլիկյան Հայաստանի խճճված պատմության վրա՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ, Հայոց ցեղասպանությունից առաջ և հետո` պարզելու է արդյոք անցյալ տարի ներկայացված հայցը համապատասխանո՞ւմ է 6 տարի առաջվա կանոնադրությանը:
Հիշեցնենք, որ Գեթթիի թանգարանը 1994 թվականին 950,000 դոլարով գնել է այդ էջերը: Եկեղեցին ուզում է այն ուղարկել Երևանի թանգարան, որպեսզի կորած էջերը միանան Զեյթունի Ավետարանին, որը Երևանում է գտնվում 1960-ական թվականներից: