Asbarez.com-ը, վկայակոչելով Info-Turk.be-ին, հայտնում է, որ Թուրքիայում ձերբակալված հայտնի հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն պահվում է Մետրիսի խիստ ռեժիմի բանտում, իսկ նրա որդին՝ Belge հրատարակչության խմբագիր Դենիզ Զարաքօլուն, Էդիռնեի բանտում։
Իր փաստաբան Օզջան Քըլըչի միջոցով ուղարկած առաջին նամակում Ռագըփը նշել է, որ իր ձերբակալությունը և ապօրինի կազմակերպության անդամ հանդիսանալու վերաբերյալ իրեն ներկայացված մեղադրանքն այն կամպանիայի մի մասն են, որի նպատակը մտավորականությանն ու դեմոկրատներին ահաբեկելն է և մասնավորապես քրդերին աջակցությունից զրկելը։
Ռագըփն ընդգծել է, որ իր տան խուզարկության ժամանակ ոստիկանությունն առգրավել է մի շարք գրքեր՝ որպես «հանցագործության ապացույցներ», սակայն դրանցում որևէ կապ չի հայտնաբերել իր և ապօրինի կազմակերպության միջև։ Առգրավված գրքերի թվում են հայտնվել են նաև Հայոց ցեղասպանությանն ու հայոց պատմությանն առնչվող երեք գրքեր։
Հիշեցնենք, որ Ռագըփ Զարաքօլուն ձերբակալվել է մոտ 1 շաբաթ առաջ և մեղադրվել Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) քաղաքացիական թև հանդիսացող «Քրդական հանրությունների» միության (KCK) հետ կապեր ունենալու մեջ։
Ռագըփի որդին՝ Դենիզը, ձերբակալվել էր հոկտեմբերի 4-ին։