The Guardian-ի հաղորդմամբ, Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը դատի է տվել The Daily Mirror պարբերականը տպագրող Mirror Group Newspapers ընկերությանը: Ռուս միլիարդատիրոջը զայրացրել է թերթի հոդվածը, որում ասվում էր, թե ակումբի սեփականատերերը ճնշում են գործադրում «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի վրա: Աբրամովիչի շահերը պաշտպանող Harbottle & Lewis իրավաբանական կազմակերպությունը The Daily Mirror-ի մարտի 23-ին տպագրած հոդվածը համարում է սադրող և չափազանց սենսացիոն: Նշված հոդվածում մասնավորապես ասվում էր, որ «Չելսի»-ի ղեկավարությունը և սեփականատերը դժգոհ են Անչելոտիի կատարած աշխատանքից, և եթե երեք շաբաթվա ընթացքում ոչինչ չփոխվի, իտալացին կզրկվի աշխատանքից: Գործում ներկայացված է, որ լրագրողները անգամ նեղություն չեն կրել հարցազրույց վերցնել հոդվածի հերոսներից:
«Չելսի»-ն և Աբրամովիչը The Daily Mirror-ից պահանջում են հատուցել պատճառված վնասները և դատարանին խնդրում են այսուհետ արգելել թերթին նման հոդվածներ տպագրել: