Մեծ քսանյակի երկրները համաձայնել են Արժույթի միջազգային հիմնադրամին տրամադրել լրացուցիչ միջոցներ եվրագոտում պարտքային ճգնաժամը հաղթահարելու համար:
Ինչպես տեղեկացնում է France-Presse գործակալությունը, այդ մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ գագաթնաժողովի արդյունքներով G20-ի երկրները այդպես էլ համաձայնության չեն եկել բանկերի գործունեությունների հարցում:
Գործակալությունը հաղորդում է, որ գագաթնաժողովի ընթացքում G20-ի երկրները համաձայնել են, այսպես կոչված, «բանկային ստվերային հատվածի» կարգավորման համար կիրառվող միջոցների շուրջ, մասնավորապես ուժեղացնել վերահսկողությունը հեջ-հիմնադրամների աշխատանքների և դերիվատների առքուվաճառքի վրա, ինչպես նաև ուշադիր հետևել ֆինանսական բոնուսների կատարմանը: