ԱՄՆ-ը չի ցանկանում ռազմական բախման մեջ մտնել Իրանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
«Անցյալ ամիսների և շաբաթների ընթացքում մենք բազմիցս ասել ենք, որ չենք ձգտում Իրանի հետ ռազմական բախման,- ասել է նա:- Այդ դիրքորոշումը պահպանվում է»:
Նուլանդը նշել է, որ ԱՄՆ-ը «պատրաստվում է օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները Իրանի վրա միջազգային ճնշումն ավելացնելու համար», որպեսզի ստիպեն Իրանին կատարել իր պարտականությունները ՄԱԳԱՏԵ-ի առաջ` կապված իր միջուկային ծրագրի հետ:
Նուլանդի խոսքերով` ԱՄՆ-ը այս ամիս սպասում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԵ-ի զեկույցին: «Լինելով ՄԱԳԱՏԵ-ի անդամ` ԱՄՆ-ը ակտիվ համագործակցում է այդ կազմակերպխության հետ` իր ինֆորմացիան տրամադրելով տվյալ զեկույցի պատրաստման համար, և մենք կոչ ենք անում մյուս երկրներին նույնն անել»,- ավելացրել է նա: