Այսօր Կրեմլում նախատեսված է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հերթական հանդիպումը: ՀԱՊԿ-ն այս տարի նախագահում էր Ռուսաստանը։ Մեկնարկող նստաշրջանում նախագահությունը կփոխանցվի Բելառուսին: Նստաշրջանը նախատեսված է օրվա առաջին կեսին:
Հիշեցնենք, որ նստաշրջանին մասնակցելու նպատակով նախօրեին Մոսկվա է մեկնել Սերժ Սարգսյանը: Նա Մոսկվայում մասնակցելու է նաև ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Կրեմլում համոզված են, որ այդ բանակցությունները կծառայեն ՀԱՊԿ անդամ երկրների դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը` նպաստելով կազմակերպության պատասխանատվության ներքո գտնվող տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդմանը:
Օրակարգում է մոտ 30 հարց: Ուշադրության կենտրոնում են լինելու ՀԱՊԿ ճգնաժամանյին արձագանքման մեխանիզմների կատարելագործումը, անվտանգության ժամանակակից մարտահրավերների ու վտանգների արդյունավետ հակազդեցության պոտենցիալի հզորացումը:
Նախատեսված է նաև նոր փաստաթղթի ստորագրում, որը հստակեցնում է ճգնաժամային իրավիճակներում ՀԱՊԿ-ի արձագանքման կարգը: Այն կարգավորում է մշտապես գործող աշխատանքային մարմիների գործունեությունը, նախատեսում արտակարգ խորհրդակցությունների անցկացում և միջոցառումների անցկացման վերաբերյալ որոշումների կայացում, որոնք ուղղված կլինեն ճգնաժամային իրավիճակի կայունացմանը:
Նախատեսվում է, նստաշրջանի արդյունքում ՀԱՊԿ անդամ երկրների կողմից կընդունվի հռչակագիր և հայտարարություն ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի վերաբերյալ: