Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ հայտարրել է, որ շաբաթ օրը գիտաժողով է լինելու Եվրամիության հետ համագործակցության խնդիրների վերաբերյալ: «Կա համագործակցության զգալի մեծ ներուժ և Եվրամիության կողմից մի մեծ գործիքակազմ, տեխնիկական ֆինանսական օժանդակություն, որից մենք այսօր արդյունավետ չենք օգտվում։ Այդ կապակցությամբ ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ դեկտեմբերի 11-ի առավոտյան Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունենալու մեզ համար չափազանց կարևոր գիտաժողով, որը նվիրված է լինելու Եվրամիության հետ մեր համագործակցության խնդիրներին և մանրակրկիտ քննարկվելու է այն գործիքակազմը, որն Եվրամիության կողմից Հայաստանին առաջարկվում է և այդ գործիքակազմին մանրակրկիտ տիրապետելը չափազանց կարևոր է մեր նախարարությունների համար։ Բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվում է ապահովել իրենց տեղակալների մասնակցությունը այդ գիտաժողովին, այն տեղակալների, ովքեր պատասխանատու են եվրաինտեգրացիայի գործընթացների համար։ Արդյունքում ակնկալում եմ, որ նրանք կներկայացնեն հաշվետվություն ձեր նախարարությունների և գերատեսչությունների կտրվածքով, թե ինչպիսի՞ գործիքներից ինչպես պետք է օգտվեն ձեր գերատեսչությունները և այդ առաջարկությունները պետք է ինձ ներկայացնեն գիտաժողովից հետո»,- ասել է վարչապետը։