«Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ աշխատանքից ազատվել է Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը` իր աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով»,- կառավարության նիստի ժամանակ այսօր հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Մենք պետք է մեծ կարևորություն տանք բոլոր գերատեսչություններում էթիկայի կանոնների պահպանմանը և պաշտոնատար անձանց պահվածքին։ Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում։ Արդարադատության նախարարին հանձնարարվել է հրապարակային պատժել նրան իր պահվածքի համար։ Ցավոք, նախարարը այս հանձնարարականը չի կատարել, և կարծում եմ, դա անթույլատրելի է։ Կհամաձայնեք, որ պաշտոնատար անձանց պահվածքը, մանավանդ ենթակաների հետ, ունի էական նշանակություն։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրն ունենա զարգացման այնպիսի ընթացք, որը ներառված է կառավարության ծրագրերի մեջ, մեզնից յուրաքանչյուրի պահվածքից շատ բան է կախված։ Մենք պետք է խստապահանջ լինենք մեր ենթակաների նկատմամբ` անթույլատրելի համարելով այնպիսի պահվածքը, որն ուղղակի խաթարում է հանրության վստահությունը մեր նկատմամբ։ Այսուհետ էլ այդ առումով լինելու ենք շատ խստապահանջ»,- ասել է նա։