Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

Ղարաբաղյան ստատուս քվոն մաշում է երկիրը (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը:

– Պարոն Աբրահամյան, սեպտեմբերի 30-ի հանրահավաքին հաջորդած ամբողջ շաբաթվանից հետո, երբ Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ էին, կարծես քաղաքական մի կարևոր փուլ ավարտվեց, և մենք արդեն բոլորովին այլ շրջան ենք թևակոխում, որը կարող ենք բնորոշել որպես նախընտրական: Ինչպե՞ս կբնորոշեք՝ մենք այժմ քաղաքական ի՞նչ իրավիճակում ենք, և, ըստ Ձեզ, այս ճանապարհը ո՞ւր է տանոմ:

– Հետաքրքիրն այն է, որ վերջին մի քանի տարիների կտրվածքով քաղաքական ամբողջ օրակարգը միշտ քաղաքական ընդդիմությունն է թելադրել, և այդ առումով ընդդիմության յուրաքանչյուր գործողություն կամ ակցիա ներկայացրել է բավականին խիստ ու բարձր պահանջներ: Մարդկանց մոտ իշխանությունների նկատմամբ այնքան հակակրանք կա, այնքան է կուտակված իշխանափոխության պահանջը, տենչը, որ յուրաքանչյուր սովորական գործողությունից հետո իրենք կարծում են, թե անմիջապես կհաջորդի իշխանափոխություն: Բայց հասկացող մարդու համար դրանք քաղաքական գործընթացներ են, որոնք ընդհանուր շղթայի մեկ օղակն են միայն: Քաղաքական ընդդիմությունը, նկատի ունեմ Հայ ազգային կոնգրեսը, զբաղված է իր առօրյա նախապատրաստական աշխատանքներով և աչքի առաջ ունենալով հերթական խորհրդարանական ընտրությունները՝ օրակարգից երբեք չի հանելու, անգամ մինչև վերջին օրը, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների պահանջը: Այս տրամաբանությամբ և փիլիսոփայությամբ ենք մենք շարժվում առաջ:

– Իսկ ընդհանուր քաղաքական դաշտը` իշխանական, ընդդիմադիր, քաղաքական նոր սեզոնը ինչպե՞ս եք գնահատում, ընդհանրապես՝ ուժերի հնարավորությունը, դասավորությունը:

– Վերջին տասը տարվա կտրվածքով միշտ, հատկապես նախագահական ընտրություններից առաջ, քաղաքական դաշտում շտիլ է լինում, և դրան հետևում են գործընթացներ, որոնք բերում են քաղաքական գործընթացների էսկալացիայի և պիկի: Այդ պիկը լինում է նախագահական ընտրությունների ժամանակ: Երբևիցե ոչ մի քաղաքական ուժ այդքան տեսանելիորեն կազմ ու պատրաստ չի եղել, ինչպես Հայ ազգային կոնգրեսը` թե՛ 2002, թե՛ 2007 թվականներին․ արդեն թրծված, քաղաքական թոհուբոհով անցած, հալածանքներ, քաղաքական հետապնդումներ, ծրագրեր, վայրիվերումներ, հաջողություններ ու անհաջողություններ, այսինքն՝ թրծված մի քաղաքական թիմ, որը լի է գերագույն նպատակներին հասնելու վճռականությամբ, նկատի ունեմ ժողովրդին հաճո արդար ընտրություններով իշխանություն ձևավորելը:

– Հայ ազգային կոնգրեսի համար հանրային գործողությունները որքանո՞վ են կարևոր այս փուլում, խոսքը հանրահավաքային շարժման, բազմամարդ հանրահավաքների մասին է: Այս ճանապարհով գնալու համար կարևո՞ր են հանրահավաքային բազմամարդ շարժումները, թե՞, այնուամենայնիվ, կարծում եք՝ քաղաքական գործընթացները այսօր բոլորովին այլ տրամաբանության մեջ են, և այդ գործողություններից դուրս քաղաքական գործընթացներ հնարավոր է ծրագրել:

– Ձեր դիտարկումը միանգամայն ճիշտ է, որովհետև բոլորի համար, ուրիշ ոչինչ եթե չասեմ, տրամադրություն բարձրացնող առաջին գործոնը բազմամարդ հանրահավաքն է, և հակառակը: Սակայն քաղաքական պրոցեսների այս փուլում, երբ խնդիրը մեր գործողությունների առումով կոնկրետացված չէ, ակտիվ քաղաքական գործընթացները՝ այս պահին իշխանափոխության լոզունգով ու կոչով, չասեմ՝ էական չեն, բայց համենայնդեպս առաջնային էլ չեն․ դրա ժամանակն էլ կգա: Այսինքն՝ դրանից պետք է ոչ շատ հուսահատվել, ոչ էլ շատ տխրել, այլ ուղղակի գործողությունները պետք է պլանավորել այնպես, որ այդ առումով դեռ անելիք կա:

– Չե՞ք կարծում, որ սակավամարդ լինելու այս վերջին հանրահավաքների պատճառը մեծապես պայմանավորված է նաև իշխանության և Հայ ազգային կոնգրեսի միջև երկխոսությամբ` այդ հինգ-վեց ռաունդ տևած գործընթացով:

– Երբ երկխոսության վերաբերյալ առաջին խոսակցությունները ծայր առան, ես էլ էի թերահավատորեն վերաբերվում այդ գործընթացին և չէի արժևորում, չէի կարևորում երկխոսություն ասած գաղափարը, սակայն այս վիկիլիքսյան բացահայտումներից հետո, զուտ աշխարհաքաղաքական տեսանկյունից (ցավով եմ փաստում, դա իմ անձնական կարծիքն է), ես հասկացա, որ աշխարհը թքած ունի մեր հոգսերի վրա` և՛ Եվրոպան, և՛ Ամերիկան, և՛, առավել ևս, Ռուսաստանը․ մարդու իրավունքներ, նորմալ իշխանություն՝ այդ արժեքները մի կողմ են թողել: Նրանք խնդիր ունեն լուծելու, այդ պատճառով իրենց թույլ և խոցելի իշխանություն է պետք: Այս պարագայում երկխոսությունը ավելի շատ իշխանությանն էր պետք, քան մեզ՝ զուտ պետության շահը հաշվի առնելու առումով: Այստեղ ակտուալ են Չարենցի հայտնի տողերը. «Ով, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնության մեջ է»: Այն, որ մեդալներ են տալիս, գլուխներ են շոյում , պաշտոնական ճոխ ճաշեր են կազմակերպում, դա ոչ մի լավ բանի չի բերելու՝ հատկապես հայ-թուրքական և ղարաբաղյան հարցի լուծման առումով : Մենք մի բան պետք է հասկանանք․ պետք է մի կողմ դնել ընդդիմությանը և իշխանությանը սիրել-չսիրելու հարցերը, մեզ համար առանցքային շատ կարևոր խնդիրը Ղարաբաղի հարցի լուծումն է, նկատի ունեմ՝ դրական առումով: Եթե մենք միասնական չլինենք, ինչքան էլ Սերժ Սարգսյանը սիրի Ղարաբաղը, ծագումով ղարաբաղցի լինի, միևնույն է՝ այս իշխանության պարագայում մեզ ոչ հայանպաստ լուծում է սպասվում:

– Իշխանությունը հստակ վերջնագրային լեզվով խոսում է և ընդդիմության, և բոլոր նրանց հետ, ովքեր որևէ հավակնություն ունեն` ակնարկելով կոալիցիոն գործընկերներին: Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում՝ ի՞նչ մեխանիզմներով , սահմանադրական ի՞նչ ճանապարհով եք հնարավոր համարում իշխանափոխության գործընթացը:

– Սահմանադրական եղանակով լուծելու, օրինականությունը պահելու հեղինակը ես չեմ, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Ոչ ոք մի րոպե անգամ թող չկասկածի, թե սոցիալական հարցերի հետ կապված հայը չի ընդվզի, սեփական իշխանավորի գլուխը չի ջարդի: Ազգային հարցերում հայ ժողովուրդը ավելի սուր զգացողություն ունի:

– Պարոն Աբրահամյան, ո՞րն է այդ հարցը՝ ըստ Ձեզ:

– Ղարաբաղի հարցը․ այն միանշանակ չի ներելու ոչ մի վատ լուծում, ոչ մի տարբերակ:

– Մենք սպասում ենք, որպեսզի ղարաբաղյան հարցը սրվի՞:

– Մենք անելու ենք այն ամենը, ինչ կախված է մեզանից, որովհետև ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի, բայց երբ խոսքը ազգային հարցին է վերաբերում, այդ դեպքում արդեն անկանխատեսելի իրավիճակներ կարող են լինել:

– Պարոն Աբրահամյան, ղարաբաղյան հարցում այսօր Հայաստանը բավական շահեկան դիրքերում է՝ այն առումով, որ գոնե առժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու շնորհիվ, Ադրբեջանը երկու տարի ձեռնպահ է մնալու պատերազմ սանձազերծելու հնարավորությունից, մյուս կողմից՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքվեց Հարավային միջանցքի պայմանագիրը, այսինքն՝ բոլորովին այլ հարթություն է տեղափոխվում գործընթացը, և Հայաստանին հնարավորություն է տրվում ներքին հարցերով զբաղվել: Երկրում ժողովրդավարություն հաստատելու մեր շանսերը որքանո՞վ են իրատեսական:

-Այդ ամենը շատ թվացյալ է, թե՝ մեզ ժամանակ են տվել, և մենք կարող ենք ներքին հարցերով զբաղվել: Ես ձեզ հավատացնում եմ՝ ղարաբաղյան հարցը օրակարգային է և օրակարգից դուրս չի գալիս, այնպես որ՝ շուտափույթ լուծման խնդիր ունեն իրենք:

-Անկախ նրանից, որ ընտրություննե՞ր են մեզ մոտ, Ադրբեջանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում:

-Համենայնդեպս, ամեն ինչ անում են, որ այդ հարցը լուծվի: Ես չգիտեմ՝ այդ շահեկանը շատ հարաբերական է, չխորանանք այդ դետալների մեջ, բայց ուղղակի մեր բախտը բերում է, որ Ալիևը մաքսիմալիստ է: Եթե Ալիևը շուտ համաձայներ այս տարբերակին, վաղուց այդ հարցի լուծումը կարող էր լինել․ դրանով է պայմանավորված միջազգային գործընթացներում մեր ավելի շահեկան դիրքը: Դա իմ գնահատականն է: Եթե նա մի քիչ խելք ունենար, մենք ավելի վատ պայմաններում կարող էինք լինել, իսկ այդ ամենը հաշվի առնելով՝ մենք մի բան պետք է հասկանանք․ այս արծարծվող հարցը շատ ավելի կարևոր է, քան ըդդիմություն-իշխանություն հարաբերությունը: Մենք Ղարաբաղի պայքարով, Ղարաբաղի խնդրի դրական լուծմամբ ենք կարողացել այս բռնաբարվածի բարդույթը (մեզ մորթել են, մեզ բռնաբարել են և այլն) հաղթահարել: Այդ պատճառով մի կողմ թողնելով մեծ քաղաքականությունը՝ պրակտիկ, ռեալ քայլերով պետք է կարողանանք Ղարաբաղը շենացնել․ Ղարաբաղը պահում են ոչ այնքան պայմանագրերով, որքան իրական մարդկանցով: Այս հարցը պետք է լուծենք: Հյուսիսային պողոտան ապականելու փոխարեն (կարելի էր մի 15 տարի էլ սպասել)՝ թող Շուշին վերականգնեին, Լաչինը վերականգնեին, բնակեցնեին, հարցը իրենք լուծեին: Միայն դրանից հետո բոլոր կարգի միջազգային ատյանները կփաստեին իրողությունը: Գոնե այս ընթացքում ժամանակ չկորցնեն, կարողանան այդ հարցը լուծել, հակառակ դեպքում, ես համոզված եմ, հետո ուշ կլինի: Միևնույն է՝ Հայաստանում ժողովրդավարություն ենք հաստատելու, արդարություն ենք հաստատելու, միանշանակ բոլորն էլ երկրի անբարո մթնոլորտի համար, անսանձ ալան-թալանի համար պատասխան են տալու:

– Վերջին շրջանում Հայաստանը առավել արևմտյան կառույցների հետ է ինտենսիվ շփումների մեջ, նույնիսկ խոսվում է, որ Սարկոզիի այցը այնքան էլ պատահական չէր, և Ֆրանսիան տարածաշրջանում և հատկապես Հայաստանում իր ներկայությունն ու ազդեցությունը ուժեղացնելու խնդիր ունի: Ղարաբաղյան բանակցությունները Ռուսաստանի միջնորդությամբ ձախողելուց հետո ի՞նչ եք կարծում՝ Ֆրանսիան ընդունակ կլինի՞ իր վրա վերցնել ղարաբաղյան գործընթացի միջնորդի կարևոր դերը կամ կկիսի՞ Ռուսաստանի հետ այդ առաքելությունը, և որքանո՞վ այդ դերակատարությունը հաջողված կլինի:

– Հարցի լուծման յուրաքանչյուր անշահախնդիր մոտեցում ողջունելի է՝ կլինեն Ֆրանսիան, Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն: Ընտրությունների հետ կապված՝ հայ համայնքի ձայները Սարկոզիի համար շատ կարևոր են: Աստված տա՝ իրենք կարողանան այդ լուծումը գտնել, բայց առանց Ռուսաստանի ֆակտորը հաշվի առնելու այդ հարցը թերևս ոչ մեկը չկարողանա լուծել:

– Բայց Ռուսաստանի ազդեցության հաշվին է ի վերջո Ֆրանսիան մտնում ռեգիոն:

– Ազնիվ լինելու դեպքում նրանք կարող են երբեմն ընդդիմանալ Ռուսաստանին և այդ հարցը լուծել, բայց հնարավոր է, որ հանուն Հայաստանի իրենք չցանկանան Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել:

– Կարծում եք, որ Ռուսաստանի հետ այս գործողությունները համաձայնեցվա՞ծ չեն, և Հայաստանում ինքնագլո՞ւխ են գործում եվրոպացիները, մասնավորապես՝ ֆրանսիացիները:

– Նրանց պաշտոնական հանդիպումներից, ժպիտներից, բարի խոսքերից հետո այն կարգի գործողություններ են հետևում, որ չես կարողանում, ինչպես Մայակովսկին է ասում, հասկանալ՝ որտեղ է լավը, որտեղ՝ վատը: Բայց ամենակարևորը՝ մենք մի բան պետք է հասկանանք․ ստատուս քվոն այսպես պահելով՝ մենք երկիրը կմաշենք, չենք կարող այլևս երկարաձգել: Պետք է այս հարցը լուծվի, որպեսզի արտագաղթը վերանա, սահմանները բացվեն, երկիրը կարողանա շնչի, կարողանանք հակառակ պրոցեսը` ներգաղթի խնդիրը լուծել: Շատ խելք պետք չէ ունենալ՝ ստատուս քվոն պահելու համար: Լուծում է պետք տալ, լուծում, որպեսզի հանգիստ կարողանանք և՛ տնտեսությամբ զբաղվել, և՛սոցիալական խնդիրներով, և՛ արդարության, և՛ ժողովրդավարության:

-Ի վերջո խնդրի չլուծված մնալը իշխանության համար նաև շանս է`իշխանությունը պահելու և վերարտադրվելու: Այսինքն՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի իշխանությունը շահագրգռված լինի ղարաբաղյան խնդիրը լուծելու:

-Մեր կուսակցության տեսակետը հետևյալն է․ սովորաբար կայուն խաղաղության կգնան միայն ժողովրդավար, սեփական ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունները: Դա աքսիոմատիկ ճշմարտություն է: Մեզ ուրիշ բան են ուզում ապացուցել՝ սկզբում հարցի լուծումը տանք, հետո երկրի ժողովրդավարացման հարցը լուծենք: Իսկ մենք տեսնում ենք, որ այդ պրոցեսը անվերջ շարունակվել չի կարող և չի կարելի: Դրա համար մենք չենք բարձրացնում Սերժ Սարգսյանի իշխանությունը մեզանով փոխարինելու հարցը: Խոսքս հավաստի լինելու համար ամեն անգամ ասում եմ, որ իշխանափոխությունից հետո ես պաշտոնապես հայտարարում եմ՝ ոչ մի պաշտոն չեմ զբաղեցնելու և ոչ մի հավակնություն էլ չունեմ: Ուզում եմ տեսնել, որ նորմալ երկիր ունենք, որով ես հպարտանամ, որտեղ ես ազատ շնչեմ ու ազատ ապրեմ և այս երկրի տերը լինեմ՝ ամբողջ իրավասություններով ու պատասխանատվությամբ : Մենք ամեն գնով Հայաստանում ձևավորելու ենք սեփական ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, որը կկարողանա այս կարգի կնճռոտ հարցերին լուծում տալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում