Այսօր Ռուսաստանի և Բելառուսի նախագահները 1,5 ժամյա հանդիպում են անցկացրել: Հանդիպումը եղել է դռնփակ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքն արգելված է եղել:
Մեդվեդևն ու Լուկաշենկոն քննարկել են «Մաքսային միության շրջանակում երկու երկրների համագործակցության հարցը»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Նատալյա Տիմակովան: Իսկ Բելառուսի նախագահի մամուլի խոսնակ Լեխկովն ասել է, որ «հանդիպման ընթացքում, որը տևել է 1,5 ժամ, քննարկվել են երկկողմ հարաբերութոյւնների ակտուալ խնդիրները»: Այս մասին գրել է Interfax գործակալությունը:
Ըստ Լեխկովի` հանդիպումն անցել է հանգիստ, ընկերական, կառուցողական մթնոլորտում: Դա է ապացուցում այն, որ Լուկաշենկոն և Մեդվեդևը հանդիպումից հետո լավ տրամադրությամբ են դուրս եկել դահլիճից, կատակել են լրագրողների հետ:
Սակայն քանի որ այդ հանդիպումից անմիջապես հետո նրանց է միացել Նորսուլթան Նազարբաևը, որպեսզի հանդիպումը շարունակվի եռակողմ ֆորմատով` մաքսային միության շրջանակում, ապա հնարավոր չի եղել պարզել, թե Բելառուսի ու Ռուսաստանի նախագահների ժամանակ ինչ է քննարկվել:
Լուկաշենկոյի և Մեդվեդևի միջև հարաբերությունները վերջին ամիսների ընթացքում ծայրահեղ լարվել են: Ընդ որում, հունիս ամսից երկու երկրների նախագահների միջև հանդիպում չի եղել: