Ժամանակավոր անաշխատունակության սոցիալական նպաստների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները, որ լուրջ դժգոհություն էին առաջացրել ինչպես հղիների, այնպես էլ արդյունաբերողների ու գործարարների միությունում, ամենայն հավանականությամբ կվերանայվեն: Վարչապետը հանձնարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ԱԺ համապատասխան հանձնաժողովի հետ աշխատել նոր նախագիծ մշակելու ուղղությամբ: «Մտահոգությունները, որոնք հնչում են, մեր նախարարությունը և հանձնաժողովը կիսում են։ Այսօր պատրաստվել է մի նոր օրենքի նախագիծ և անհրաժեշտ է այդ նախագիծը քննարկել շահագրգիռ բոլոր կողմերի հետ և, անհրաժեշտության դեպքում, իսկ այդ անհրաժեշտությունը, ինձ թվում է` կա, մենք հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ և օրենքում կկատարենք շտկումներ` նպատակ ունենալով ստեղծել այնպիսի միջավայր, որը խթանում է ծնելիությունը Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է վարչապետը կառավարության այսօրվա նիստում։