Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Յոուն Հոյին: Նշելով, որ Հայաստանը կարևորում է Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցության զարգացումը, Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ համարեց Կորեայի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների խորացումը և ամրապնդումը:
Քննարկվեցին տնտեսության, կրթության և գիտության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Անդրադառնալով արդեն իրականացված համատեղ ծրագրերին` կառավարության ղեկավարը գոհունակություն հայտնեց Երևանի ՋԷԿ-ի համակցված ցիկլով նոր էներգաբլոկի շինարարությանը կորեական ընկերության մասնակցության, ինչպես նաև հայ-կորեական գործարար համաժողովների, սեմինարների և մշակութային միջոցառումների անցկացման կապակցությամբ: Հայաստանը հրավեր է ստացել` մասնակցելու 2011 թ. ընթացքում Կորեայի Հանրապետությունում կայանալիք «Buy Korea-2011» առևտրաարդյունաբերական և «Seoul Food Show» սննդարդյունաբերական ցուցահանդեսներին: