Այսօր մանկապիղծների նկատմամբ, որպես հարկադրանքի միջոց քիմիական ստերջացման կիրառման հնարավորությունը թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ քննարկմանը մասնակից իրավապաշտպանները և փաստաբանները մտահոգություն հայտնեցին: Իրավապաշտպաններ Միքայել Դանիելյանը և Արթուր Սաքունցը հնարավոր են համարում այս օրենքի ոչ ճիշտ կիրառությունը Հայաստանում:
Ա. Սաքունցը փորձեց պարզել այն հիմնավորումը, որը ստիպել է այս հարցը շուտափույթ քննարկման առարկա դարձնել: «Եթե դիտարկում ենք այն երկրների շարքը, որտեղ ստերջացումն արդեն իսկ կիրառելի է, այնպիսի երկրներ են, որոնք բավական լուրջ ինստիտուտներ ունեն և կարող են այս փորձաքննությունը որակյալ կատարել: Այդ երկրներում հասել են նրան, որ ի վիճակի են ապահովել արդար փորձաքննություն»,- նշեց իրավապաշտպանը:
Համարելով ստերջացումը լավ և ճիշտ գաղափար մանկապղծություն հանցագործությունը պակասեցնելու ուղղությամբ`նա հնարավոր համարեց Հայաստանում դրա արժեզրկումը: Ըստ նրա` Հայաստանի իրավական պրակտիկայում սա կարող է քաղաքական հետապնդման գործիք դառնալ իրավապահ համակարգի ձեռքին, և պետք է պատրաստ լինել նման օրենքի իրացմանը:
Քննարկմանը ներկա մի շարք փաստաբաններ ևս նշեցին, որ օրենքի նախագիծը դեռևս շատ անմշակ է:
Քննարկման ընթացքում օրենքի նախագծի հեղինակ Դավիթ Թումասյանը ներկայացրեց ՀՀ դատախազության պաշտոնական տվյալները, որոնց համաձայն` 2008 թ.-ին 63 մանկապղծության դեպք է գրանցվել, 2009-ին` 73, 2010-ի առաջին կիսամյակում` 53: Սա այն դեպքում երբ շատ հանցագործություններ գաղտնի են պահվում: