Այսօր Ազգային ժողովում 2012 թ. բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ մշակել են առաջարկների փաթեթ, որը քննարկել են կոալիցիոն գործընկերների հետ: Դրա հիմնական գաղափարախոսությունն է` ՓՄՁ-ների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել, հարկային բեռն ավելացնել և կիրառել շքեղության հարկ այն ոլորտներում, որտեղ կան մեծ եկամուտներ:
«Առաջին փոփոխությունը պրոգրեսիվ սանդղակի ներդրումն է եկամտահարկի մասով. 2 մլն եկամուտ ունեցողների համար 25% է սահմանվում, ալկոհոլային փոփոխություններով՝ հարկային բեռն ընկնելու է թանկարժեք ալկոհոլային խմիչքների վրա, որոնց հարկման բազան 50%-ով կավելանա, իսկ տեսակարար կշիռը ընդհանուր սպառման ծավալներում կազմում է 15%»,- ասաց Տ. Սարգսյանը:
Նրա խոսքով՝ շքեղության հարկը կվերաբերի այն մեքենաներին, որոնց արժեքը կգերազանցի 90 հազ. դոլարը, և նրանց համար էապես կավելացվի դրույքաչափը: Ըստ վարչապետի՝ սա նույնպես արդարացված մոտեցում է, ինչը հնարավորություն կտա մոտ մեկ միլիարդ դրամի հարկային եկամուտներ ավելացնել: Շահումով խաղերի և խաղատների ոլորտում հաստատագրված վճարները 50%-ով կավելացվեն: ՓՄՁ-ների համար հարկային ստուգումները կբացառվեն, եթե արտոնագրային վճարները կատարվել են պետության կողմից սահմանված կարգով: Կվերացվի հասույթների գրանցման գիրքը, էապես կպարզեցվեն առաքման գրքերի վարման կարգը և դրանցում գրառումների ծավալը:
«Շեշտադրումները տեղափոխում ենք դեպի խոշոր բիզնես, և խստացնում պատժամիջոցները խոշոր բիզնեսի համար»,- նշեց Տ. Սարգսյանը` հավելելով, որ դա թույլ կտա խոշոր բիզնեսից ավելացնել հարկային մուտքերը:
Նա հայտնեց, որ բանկերի համար վերացվում է այն մեխանիզմը, որով բանկերը ինքնուրույնաբար էին գնահատում սեփական միջոցները և շահութահարկի բազան նվազեցնում էին:
Վարչապետը հավաստիացրեց, որ երկրի տնտեսական աճին նպաստելու է ազատ տնտեսական գոտիների մասին օրենքը, որը կիրառվելու է 2012 թ․-ից, նաև՝ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Նրա խոսքով՝ արդյունաբերության աճի ապահովման համար պետությունն օժանդակելու է մենեջմենթի որակի բարձրացմանը, ստեղծելու են արտահանման ցանց՝ պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո, հիմնելու են որակի վերահսկման մեխանիզմներ, իսկ ինովացիոն ներդրումների դեպքում օժանդակելու է պետությունը:
«Բարենպաստ միջավայր կստեղծենք 2012 թ. մարտահրավերներին դիմակայելու համար»,- ասաց վարչապետը:











































