Ինչպես տեղեկանցում է Trend գործակալությունը, Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվել են գազի գնի շուրջ, որն անփոփոխ կմնա մինչև 2018 թվականը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի էներգետիկ և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը,- տեղեկացրել է Aksam օրաթերթը:
«Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման առաջին փուլում ադրբեջանական գազի գինը Թուրքիայի համար կմնա նույնը մինչև 2018 թվականը, վստահեցրել է Յըլդըզը, որը չի ներկայացրել գազի կոնկրետ գինը: Այդուամենայնիվ, Թուրքիայի էներգետիկ ու բնական պաշարների նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի հետ համաձայնեցված գները ամենահարմարն են տարածաշրջանում:
Հիշեցնենք, որ անցյալ երեքշաբթի օրը Իզմիրում Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքվեց վաղուց սպասված, տևական ժամանակ ձգձգվող՝ թուրք-ադրբեջանական գազային համաձայնագիրը: Մի քանի տարի տևած բանակցություններից հետո պաշտոնական Անկարան և Բաքուն ի վերջո կարողացան համաձայնության գալ «Շահ Դենիզ-2» հանքավայրից արդյունահանված գազը Թուրքիայի տարածքով եվրոպական շուկաներ արտահանելու շուրջը։









































