Հայաստանի բնակչության 53 տոկոսը համոզված է, որ իշխանությունների հակակոռուպցիոն գործունեությունը արդյունավետ չէ, և միայն 27 տոկոսն է այն կարծիքին, որ իշխանությունները արդյունավետ են աշխատում: Նկատենք, որ անցած տարի այս իշխանությունների հակակոռուպցիոն ծրագրի արդյունավետության մասին վկայել է հարցվածների 38 տոկոսը, իսկ 48 տոկոսը այն համարել է անարդյունավետ: Իսկ հարևան Վրաստանում բնակչության շուրջ 78 տոկոսը իր իշխանությունների հակակոռուպցիոն քայլերը համարում է արդյունավետ: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոգտանյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում առկա է համակարգային կոռուպցիա` վերևից ներքև, և արդյունավետ պայքարելու համար պետք է սկսել վերևից, բանտեր ուղարկել ոչ միայն վարչության պետերի, այլև փոխնախարարների և, ինչու ոչ, նաև նախարարների:
«Թրանսփարենսի ինթերնեշնլի» հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության շրջանում նվազել են կաշառք տվողները` անցած տարվա 43 տոկոսի փոխարեն այս տարի կաշառք տալու մասին խոսել է 22 տոկոսը: