ՀԱԿ ներկայացուցիչ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում 2008-2011 թթ. ժամանակաշրջանը գնահատեց որպես մեր նորագույն պատմության ամենաբարդ տարիներից մեկը, իսկ արդյունքների իմաստով՝ ամենավատ շրջանը:
«3 տարիների ընթացքում մենք ունեցել ենք տնտեսական իրական անկում և անդրադարձը եղել է սոցիալապես առավել անապահով տարրերի վրա: Հիմնական գնահատականը, ցավոք, պետք է լինի բացասական: Այս տարիների ընթացքում մեր երկիրը, մեր տնտեսությունը նահանջ է ապրել»,- ասաց Բ.Ասատրյանը:
Նա փաստեց, որ մենք ճգնաժամից դեռ դուրս չենք եկել՝ վկա այն թվերը, որ հրապարակում է պաշտոնական վիճակագրությունը: Ըստ Բ.Ասատրյանի՝ այսօր էլ դեռ չենք վերականգնել ՀՆԱ-ի նախաճգնաժամային մակարդակը, և ճգնաժամի առաջնային հետևանքներից է բարձր գնաճը, ճգնաժամի արդյունքում կորցրեցինք հանրապետություն եկող ֆինանսական հոսքերը՝ կապիտալ ներդրումները և մասնավոր տրանսֆերտները. «Այս առումով մենք դեռ չենք վերականգնվել և 2008-ի մակարդակին չենք հասել»:
Ըստ Բ.Ասատրյանի՝ ամբողջությամբ պահպանվում են հին խնդիրները, որոնք դրա նախորդած տասնամյակի ընթացքում ձևավորվել էին մեր երկրում՝ կոռուպցիա, օլիգարխիկ տնտեսական համակարգ, մենաշնորհների իշխող դիրք ունեցող համակարգ. «Այդ իմաստով ոչ մի բան չի փոխվել և շատ գեղեցիկ հեքիաթ էր, որ տնտեսության մեջ դիվերսիֆիկացիա է տեղի ունեցել: Այո՛, արդյունաբերության մեջ ինչ-որ աճի միտումներ կան, բայց փորձեք ֆիզիկական ծավալները գնահատել, կամ էլ գնահատել, թե ինչի հաշվին է դա: Աճը հիմնականում լեռնարդյունաբերության հաշվին է տեղի ունեցել: Շարժեր կան, մեռած վիճակ չի, բայց ոգևորվել, նման վերամբարձ խոսքեր ասել, բարձր գնահատականներ տալ, ցավոք, դա ինչ-որ մի հեքիաթից է, որից ես տեղյակ չեմ: Կարծում եմ՝ եթե խոսքը գնում է ինչ-որ պաշտոնյաների, պաշտոնական միջոցառման մասին, տեղին կլիներ մտահոգություններ հայտնեին, որովհետև մեր երկիրը, երկրի տնտեսությունը դեռ գտնվում է շատ վատ վիճակում: Շատ ցանկալի կլիներ, որ այդ պաշտոնյաները ոգևորվեն ոչ թե ասենք թվացյալ, կամ իրական դրական տեղաշարժերով, այլ բացթողումներ, խնդիրներ բացահայտեն և դրանց լուծումներ տան»:
Բ.Ասատրյանը նշեց, որ այս քաղաքականության արդյունքում 2011 թ.-ին ունենալու ենք 3-րդ հազարամյակում արտագաղթի ամենաբարձր մակարդակը, իսկ ծննդաբերության անկումը կկազմի մոտ 10%:
«Կարծում եմ՝ միայն մտահոգության առիթ ունենք»,- նկատեց Բ.Ասատրյանը:











































