Ռուսաստանյան Rosbalt.ru-ն հայտնում է, որ լատվիական Latspeceksports ընկերությունը կարող է կապված լինել Մոլդովայի կողմից Հայաստանին վաճառված սպառազինության պայմանագրի հետ։ Այս մասին տեղեկացրել է ИноСМИ-ն` հղում կատարելով լատվիական «Ժամ» թերթին:
Բանն այն է, որ լրագրողների ձեռքում է հայտնվել սպառազինության պայմանագիրը, որում որպես կողմ նշված են` Մոլդովայի Պաշտպանության նախարարությունը և լատվիական ընկերությունը: Latspeceksports-ը Մոլդովայից հրթիռ է գնել, և ըստ ամենայնի, այն վաճառել է Հայաստանին: Այս մասին Լատվիայի ԱԳՆ-ին հայտնել են զայրացած ադրբեջանցի դիվանագետները, իսկ այժմ գործը գտնվում է ոստիկանության և անվտանգության վարույթում:
Rosbalt.ru-ն հիշեցնում է, որ այս գործը ջրի երես դուրս եկավ մի քանի ամիս առաջ, երբ հայտնի դարձավ, որ ինքնաթիռը, որով զինամթերք էր տեղափոխվում, Լատվիայի վրա էր գրանցված: Հիշեցնենք նաև, տեղեկություններ շրջանառվեցին, որ Մոլդովան Հայաստանին վաճառել է «60 տոննա ժամկետանց սպառազինություն», ինչը հայկական կողմը հերքեց:











































