Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը չի կարծում, որ հերթական ընտրությունների հնարավորության մասին հայտարարությունը Հայ ազգային կոնգրեսի ներսում պառակտում ծնի: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, բայց ամենայն հավանականությամբ, պառակտում այս պատճառով ընդդիմության մեջ չի լինի: Չգիտեմ` ՀԱԿ-ի ղեկավար կազմի մեջ գտնվող մարդիկ իսկապե՞ս հավատում էին, որ արըտահերթ ընտրություններ լինելու են ու հիմա էլ հիասթափվեցին` իմանալով հերթական ընտրությունների հնարավորության մասին: Ամեն դեպքում, հոկտեմբերին տեղի ունեցած նստացույցից, սեփական ուժերը գնահատելուց, ինչպես նաև որոշումներ կայացնող դրսի կենտրոններից արտահերթ ընտրությունների վերաբերյալ համապատասխան մեսիջ չստանալուց հետո ՀԱԿ-ն, ամենայն հավանականությամբ, եկավ այն եզրակացության, որ դեռևս չկան այն անհրաժեշտ խթանները, որպեսզի Հայաստանը գնա արտահերթ ընտրությունների»,- նկատեց փորձագետը` միաժամանակ հավելելով, որ նստացույցից հետո ՀԱԿ-ը շատ սահուն կերպով մտավ նախընտրական արշավի մեջ:
Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքի ընթացքում նշել էր, որ չի բացառում` զարգացումները տանեն հերթական և ոչ` արտահերթ ընտրությունների: Մինչդեռ ամիսներ առաջ քաղաքական այս ուժը խոսում էր բացառապես արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին:











































