Սերբիայի հարավում իսլամիստական ծայրահեղական խմբավորման 15 անդամ է ձերբակալվել: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ նրանք մեղադրվում են Բոսնիայում ԱՄՆ դեսպանատան վրա իրականացրած հարձակման մեջ:
Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում գտնվող դեսպանատան վրա հարձակումը տեղի էր ունեցել ուրբաթ երեկոյան, ինչի արդյունքում մեկ ոստիկան էր վիրավորվել: Ինքնաձիգից կրակող Մևլիդ Յասարևիչը, ով մահմեդականներով բնակեցված սերբական Նովի Փազար քաղաքի բնակիչ է, ևս վիրավորվել էր, և նրան ձերբակալել էին: Սերբիայի իշխանությունների հաղորդմամբ՝ նա վահաբիզմի` իսլամական պահպանողական աղանդի հետևորդ է:
«Սարաևոյում ԱՄՆ-ի դեսպանատան դեմ իրականացված հարձակումն ահաբեկչական էր, Բոսնիայի ու Հերցեգովինայի և Սերբիայի իշխանությունները համատեղ կիրականացնեն այս գործի հետաքննությունը», – լրագրողներին ասել է Բոսնիայի անվտանգության նախարար Սադիկ Ահմեդովիչը:










































