Ամերիկացի միասեռական զինվորականների մի խումբ դատի է տվել ԱՄՆ կառավարությանը`պահանջելով զինվորական ուժերում ընդունել միասեռական ամուսնությունները:
Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, հայցը հոկտեմբրեի 27-ին ներկայացվել է Մասաչուսեթսի դատարան։ Այս նահանգում արդեն «ընդունվել են» միասեռական ամուսնությունները:
Հայցվորները պահանջում են, որ իրենց վրա տարածվեն բոլոր արտոնությունները, որոնք ունեն ընտանեկան զույգերը: Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, խոսքը հիմնականում վերաբերում է ընտանեկան բժշկական ապահովագրությանը և զինվորական գերեզմանոցներում հուղարկավորվելուն:
Հայցում նշված է, որ միասեռականների իրավունքները խախտում է ամուսնության վերաբերյալ դաշնային օրենքը, համաձայն որի՝ ամուսիններ կարող են համարվել միայն տղամարդը և կինը: Հայցում, որպես պատասխանող կողմ, հանդես են գալիս պաշտպանության նախարար Լեոն Պանետտան և գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փետրվարին ամուսնությունների պաշտպանության մասին օրենքն անվանել էր «ոչ սահմանադրական»:









































