ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր ղեկավար օրգանը` Գերագույն համաժողովը, երկուշաբթի քվեարկություն կանցկացնի Պաղեստինի կարգավիճակը որոշելու համար, ինչի արդյունքում Պաղեստինը կարող է դառնալ կազմակերպության լիիրավ անդամ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն վկայակոչելով կազմակերպության իր աղբյուրները:
Գերագույն համաժողովի նիստի ժամանակ նախատեսվում է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ Մալքիի ելույթը:
Սեպտեմբերի 23-ին Պաղեստինը պաշտոնապես դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` կազմակերպությանն անդամակցելու խնդրանքով: Սպասելով ԱՄՆ վետոյին` զուգահեռաբար նա որոշել է ճանաչում ստանալ ավելի իրական ճանապարհով` ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից:
Հոկտեմբերի սկզբին ՅՈւՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ խորհուրդ տվեց բարձրացնել Պաղեստինի կարգավիճակը և այն դարձնել ՅՈւՆԵՍԿՕ-ի լիիրավ անդամ: Այժմ դրան պետք է հավանություն տա Գերագույն համաժողովը, որի կազմի մեջ մտնում են կազմակերպության 193 անդամ պետություններ: Պաղեստինը կմտնի ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմի մեջ, եթե այդ որոշմանն աջակցի քվեարկողների երկու երրորդը:
ԱՄՆ-ը ավելի վաղ սպառնացել էր, որ Պաղեստինի` ՅՈւՆԵՍԿՕ-ին անդամակցելու դեպքում կդադարեցի կազմակերպության ֆինանսավորումը, որը կազմում է կազմակերպության բյուջեի 22%-ը:










































