Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ գնալով աճում է հոկտեմբերի 23-ին Վանի նահանգի երկրաշարժի արդյունքում գրանցված զոհերի ու վիրավորների թիվը։
Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 573-ի, իսկ վիրավորներինը՝ 2608-ի։ Փլատակների տակից դուրս է բերվել ողջ մնացած 187 մարդ։ Անգամ երկրաշարժին հաջորդած ավելի քան 100 ժամերից հետո փլատակների տակից դուրս են բերվում ողջ մնացած մարդիկ, ովքեր կարողացել են գոյատևել անձրևաջրի շնորհիվ։
Ներկայիս դրությամբ աղետի գոտում աշխատում են 4136 փրկարարներ, 904 բժիշկներ, 18 որոնող շներ, 651 միավոր տեխնիկա, 146 շտապօգնության փոխադրամիջոց, որից 7-ը՝ օդային։
Հիշեցնենք, որ մասնագետների նախնական հաշվարկներով՝ Վանի երկրաշարժի հետևանքների վերացումը Թուրքիային արժենալու է նվազագույնը 2.2 միլիարդ դոլար։








































