ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր անդրադառնալով այն լուրերին, թե Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են, ինչի արդյունքում ՀՀԿ-ի նախատեսած գործադիրի նիստը հետաձգվել է, արձագանքեց. «ՀՀԿ-ի գործկոմի նիստերը իրենց գրաֆիկները ունեն: Բայց կցանկանայի, որ ուշադրություն դարձնեիք՝ դա ՄԱԿ-ի ասամբլեան չէ: Կուսակցությունում այսօր երեկոյան էլ լինելու են նիստեր՝ բավականին մարդկանցով, հարցեր են քննարկվելու, երկուշաբթի՝ նորից, երեքշաբթի՝ նորից:
Թերթերը որ լուսաբանում են՝ հասկանալի է, բայց որ քաղաքական ուժերն են այդպես անհամբեր սպասում՝ դա ինձ համար անհասկանալի է: Մենք նախընտրական որևէ հարց չենք քննարկում: Մենք մեր նիստերում ընդամենը քննարկում ենք ներկուսակցական խնդիրներ, և նախորդ նիստին քննարկել ենք այն հարցը, որ կիրակի օրը, ժամը տանմեկից, սկսվելու է մեր տնտեսական կոնֆերանսը: Իսկ այս օրերին զբաղված ենք դրա կազմակերպչական խնդիրներով»:
Լրագրողի հարցին՝ քննարկո՞ւմ են այն հարցը, որ վարչապետը վիրավորել է մյուս քաղաքական գործիչներին, ավելացրեց. «Ես այդ կարծիքին չեմ, որ վիրավորել է այլոց: Դա ուղղակի փորձ է՝ ինչ-որ խնդիրներ բանավեճային դաշտ բերելու: Մեր քաղաքական սկզբունքը համագործակցելն է և միասին խնդիրները լուծելը:
Այսինքն՝ փորձել ասել, որ վարչաետը վիրավորել է, այդպես չէ: Իմիջիայլոց, կուսակցության պաշտոնական տեսակետը հիմնականում հայտնում են կուսակցության նախագահը և նրա տեղակալները, մնացած բոլոր դեպքերում կարող են մեկնաբանություններ անել: Այնպես որ՝ համաձայն չենք, որ վարչապետը ի նկատի է ունեցել այն, ինչն այս երկու օրվա քննարկումների առիթ է դարձել»:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե դա արդյոք նշանակո՞ւմ էր, որ բյուջեի հարկերը կգանձվեն անհնազանդ գործարարներից, այդ թվում նաև՝ Գագիկ Ծառուկյանից, ավելացրեց. «Հնազանդ և անհնազանդ չի կարելի անվանել գործարարներին: Իսկ որ քաղաքական կոալիցիայի շրջանակներում անընդհատ հանդիպումներ են լինում, և դրանք պարտադիր են, բնականաբար՝ այդպես է: Ընդհանուր առմամբ, եթե խոսքը նախագահականում եղա֊ծ վերջին օրերի հանդիպման մասին է, ապա այդտեղ քննարկվել են օրինագծի խնդիրներ: Այսինքն՝ հանդիպումը եղել է, բայց ոչ քաղաքական»:
Իսկ քաղաքապետ Կարեն Կարպետյանի հրաժարականի մասով ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանել, քանի որ նա կուսակցական չէ:










































