Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի համար կանխատեսելի էր ԱԺ նախկին փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանի` Սահմանադրական դատարանի անդամ նշանակվելը: Նա հիշեցրեց, որ այդ մասին խոսակցությունները շրջանառվում էին ավելի վաղ, և ինչպես ասում են` «ծուխն առանց կրակ չի լինում»: Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը Հմայակ Հովհաննիսյանը համարում է արտառոց հանգամանքների հետևանք: Հմայակ Հովհաննիսյանը հիշեցնում է, թե ինչպես Գագիկ Բեգլարյանը ներգրավվեց ընտրակեղծիքների մեջ, և հենց այս տարվա հունվարի 10-ին Երևանի թիվ 10 ընտրատարածքում, ծեծուջարդի, կեղծիքների և լցոնումների միջոցով ԱԺ պատգամավոր դարձրեց իր զարմիկին, որն առաջադրվել էր քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ: Կատարվածը Հմայակ Հովհաննիսյանը գնահատում է այսպես. «Համակարգը խժռում է նույնիսկ իր զավակներին»: