«Առաջին լրատվականը» քաղաքագետ Երվանդ Բոզոյանից հետաքրքրվեց, թե սպասելի՞ էին իր համար ԱԺ նախկին փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանի` Սահմանադրական դատարանի անդամ նշանակվելը և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը: «ՍԴ-ն դարձել է թոշակառուների հավաքատեղի: Այստեղ զարմանալի ոչինչ չկա»,- ասաց Երվանդ Բոզոյանը: Քաղաքագետը մեր զրույցի ժամանակ նշեց, որ եթե փաստերով հաստատվի, որ Գագիկ Բեգլարյանը ծեծել է ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակցին, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: «Իսկ մամուլի հրապարակումները բավարար փա՞ստ չեն»,-հարցրինք քաղաքագետին: Երվանդ Բոզոյանը նշեց, որ մամուլի հրապարակումների նկատմամբ ինքը չի կարող հարյուր տոկոս վստահություն տածել, քանի դեռ դատարանում դրանք չեն ապացուցվել կոնկրետ փաստերով: Ինչ վերաբերում է Երևանի հաջորդ քաղաքապետին, ապա Երվանդ Բոզոյանը կանխատեսեց, որ քաղաքապետ կդառնա ներկայիս փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: