Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում հարյուր հազարավոր բնակիչներ այսօր ցույց են անցկացնում` ի աջակցություն երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի և երկրի ազգային միասնության: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ակցիան ընթանում է՝ «Կեցցե հայրենիքը և նրա առաջնորդը: Սիրիացի ժողովուրդը միասնական ընտանիք է» կարգախոսով:
Ակցիայի մասնակիցները կոչ են անում պաշտպանել ազգային միասնությունը, նախագահի կողմից հայտարարված քաղաքական բարեփոխումների ծրագիրը, ինչպես նաև առանց դրսի միջամտության լուծել երկրի առջև կանգնած խնդիրները:
Սիրիայում մարտից սկսված հակակառավարական բողոքի ցույցերը վերածվել են զինված բախումների իշխանությունների և ընդդիմադիրների միջև: Այսօր հաղորդվում է, որ Համա քաղաքում առնվազն 9 զինծառայող է զոհվել, երբ նրանց տեղափոխող մեքենան ընկել է ականանետից արձակված կրակահերթի տակ: Հարձակման պատասխանատվությունն իր վրա ոչ ոք չի վերցրել: Ենթադրվում է, որ այն կազմակերպվել է «Սիրիայի ազատ բանակ» կազմակերպության կողմից, որի մեջ մտնում են ընդդիմության կողմն անցած զինվորներ և սպաներ:











































