«Առաջին լրատվական»-ի հաղորդմամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեին:
Հանդիպման սկզբում Ս.Սարգսյանը ողջունել է Բերտրան Դելանոեին՝ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի տարեկան նիստը Երևանում գումարելու և այն նախագահելու կապակցությամբ:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ Հայաստանը սիրով է հյուընկալել այս միջազգային կարևոր հանդիպումը, որը համախմբում է ամբողջ աշխարհի ֆրանկոֆոն երկրների մայրաքաղաքների մեծ թվով քաղաքապետերի, և որը վկայում է այն կարևորությունը, որ Հայաստանը տալիս է Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների հետ միջմշակութային երկխոսությանն ու տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացմանը:
Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և վեհաժողովի նիստը Երևանում անցկացնելու հնարավորության համար:
Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ զրուցակիցները նշել են, որ հատկապես վերջին մեկ ամսում իրականացված բարձր մակարդակի փոխայցելությունները և դրանց շրջանակներում կազմակերպված միջոցառումներն ավելի են ամրապնդել երկու երկրների միջև բարեկամության առանց այդ էլ ամուր հիմքերը:










































