Ինչպես տեղեկացնում է «Առաջին լրատվական»-ը, պետական այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի հանդիպել է Ռուսաստանի կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ռուսաստանի կառավարության ղեկավարի պաշտոնական կայքէջի համաձայն` հանդիպման սկզբում, ողջունելով Հայաստանի նախագահին, Վլադիմիր Պուտինը անդրադարձել է հայ-ռուսական առևտրատնտեսական կապերին՝ նշելով, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը շարունակում է աճել, իսկ ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում հասնում են մոտ 3 միլիարդ դոլարի կամ ավելի ճիշտ՝ «մոտավորապես 2.8 միլիարդ դոլարի»։
«Ընդհանուր առմամբ, մեզ մոտ մի խումբ ուղղություններով հարաբերությունները զարգանում են բավականին դիվերսիֆիկացված կերպով, զարգանում են հաջողությամբ»,- նշել է Պուտինը։
Ռուսաստանի վարչապետը, հիշատակելով Հայաստանի վարչապետի հետ վերջերս ունեցած «բավականին հանգամանալից» զրույցը, կրկին փաստել է, որ երկկողմ աշխատանքային հարաբերություններում ամեն ինչ «լավ է գործում»։
Ս. Սարգսյանը գոհունակություն է հայտնել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակի և առկա երկխոսության առնչությամբ, որը «թույլ է տալիս քննարկել ցանկացած հարց»։
«Մենք կարծում ենք, որ մեր տնտեսական հարաբերությունները իսկապես վատ չեն զարգանում։ Ինչպես դուք արդեն նշեցիք, անցած տարի մենք հասանք մինչև 1 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության։ Փոքրիկ Հայաստանի համար դա լուրջ թիվ է», – ասել է նա:
Հիշեցնենք, որ մինչ Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ հանդիպելը Ս. Սարգսյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի և Պետդումայի նախագահների, ինչպես նաեւ Մոսկվայի քաղաքապետի հետ։
Երեկոյան ավարտելով պետական այցը Ռուսաստանի Դաշնություն` Ս.Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:











































