ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ Հայաստանում ժողովրդավարության քողի տակ իր դիրքերն է ամրապնդել պլուտոկրատիան` ձևավորվում է հարստության իշխանություն: Նրա գնահատմամբ՝ երկրում ներհասարակական ճգնաժամ է, որն օր օրի խորանում է, իսկ այդ ամենի դեմ պայքարելու համար պետք է իշխանափոխություն իրականացնել. «Պետք է ձևավորել նոր որակի իշխանություն` իշխանափոխության ճանապարհով, ուրիշ ճանապարհ չկա: Սակայն իշխանափոխությունն էլ պետք է լինի որակական, բովանդակային և ո՛չ` մարդափոխություն»:
Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է արմատախիլ անել իշխանության վերարտադրության վատ սովորությունը և ապակենտրոնացնել այն, քանզի գերկենտրոնացումն է երկրում տիրող անհավասար վիճակի պատճառը:
ՀՅԴ ԳՄ անդամի խոսքերով, այսօր Հայաստանում հարց է, թե ինչպես գալ իշխանության: Ըստ Ռուստամյանի` դեմ արտահայտվելով ընտրական գրանցամատյանների հրապարակայնացմանը՝ իշխանությունները որևէ լուրջ հակափաստարկ չեն բերում, իսկ միջազգային փորձագետներն էլ արջի ծառայություն են մատուցում մեր երկրին: