ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Հայաստան ժամանած ռումինացի քաղաքապետների պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին 6 քաղաքների ղեկավարներ:
Զրուցակիցները քննարկել են ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս գործընկեր երկրների հետ նման կապերի զարգացմանը, որոնք նպաստում են տարածաշրջանների միջև ուղիղ շփումների հաստատմանը, համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը և հույս հայտնեց, որ այս այցը գործնական հարաբերությունների ստեղծման նախադրյալ կդառնա: Ա. Գևորգյանի խոսքով` նոր կապերի հաստատման արդյունավետ հարթակ կարող են լինել եվրոպական համապատասխան կառույցները, մասնավորապես` Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը,
Եվրոպական ռեգիոնների ասամբլեան, որոնց հետ համագործակցում են թե Հայաստանը, թե Ռումինիան:
Հյուրերը նշել են, որ իրենց երկիրը, որն ապակենտրոնացված մակարդակով համագործակցության բավականին հարուստ փորձ ունի, նույնպես հետաքրքրված է Հայաստանի հետ տեղական մակարդակով համագործակցություն ծավալելու հարցում:
Քաղաքապետերը կայցելեն Տավուշի և Շիրակի մարզեր, կհանդիպեն տարածքային և տեղական իշխանությունների հետ, կծանոթանան համագործակցության հնարավորություններին, տեղերում կքննարկեն փոխգործակցության հեռանկարները:









































