Մարդը սիրում է ուրիշի անձնական կյանքի մասին ամեն ինչ իմանալ: Ուրիշի կենսագրության մասին գաղտնիքներ իմանալը կարծես ցանկացած մարդու ճանաչողական պահանջմունքի բավարարման միջոց լինի: Դա հաճախ կապ ունի նաև նրա հետ, թե ինչ մակարդակ ունի մարդը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով մարդկանց մոտ աստղերի, հայտնի անձանց անձնական կյանքի մասին ամեն ինչ իմանալու «մարդկային թուլության» մասին, ասաց հոգեբան, հիպնոթերապևտ Սամվել Խուդոյանը:
«Որքան բարձր է մարդկանց մակարդակը, այնքան նրանց այդ կարգի պատմությունները չեն հետաքրքրում: Այստեղ մեծ նշանակություն ունի նաև տարիքը: Պատանիներին, օրինակ, դա ավելի շատ է հետաքրքրում, քան հասուն տարիքի մարդկանց, բայց բոլոր դեպքերում դա մարդկային ցանկություն է»,- ասաց նա:
Նրա խոսքով` ավելի շատ սիրում են այլ մարդկանց կյանքով հետաքրքրվել հատկապես այն անձինք, ովքեր չունեն անձնական կյանք, և հենց այդ հանգամանքն է հաճախ ստիպում նրանց հետաքրքրվել այլոց կյանքով:
«Դա այդ մարդկանց համար յուրահատուկ սփոփանք է, ինքնագնահատականի բարձրացում, բայց, ընդհանուր առմամբ, խոսքը հետաքրքրության մասին է, քանի որ ուրիշի կյանքը մարդուն միշտ հետաքրքիր է»,- նկատեց հոգեբանը` ընդգծելով, որ մեզանում այդ առումով համեմատաբար լավ վիճակ է` ի տարբերություն արտերկրի:
Ինչ վերաբերում է դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կյանքի հանդեպ հասարակության հետաքրքրությանը, ապա, ըստ հոգեբանի, դա «շատ նորմալ հետաքրքրություն է առաջացրել», քանի որ մարդիկ միշտ էկրանին են տեսել այդ դերասանուհուն, հիմա էլ են տեսնում, և այդ նկարները բամբասանքի տեղիք են տվել:
«Ինչքան տվյալ մարդու (խոսքը հետաքրքրվողի մասին է) կյանքը հագեցած չէ, այնքան տվյալ անձը հետաքրքրվում է այդ կարգի լուրերով»,- նշեց հոգեբանը` ընդգծելով, որ հաճախ մամուլն ու ԶԼՄ-ներն են աժիոտաժ առաջացնում դերասանուհու անձի շուրջ, իսկ իրականում հետաքրքրությունն այնքան էլ մեծ չէ:
Նրա խոսքով` նման երևույթների շուրջ աղմուկը մեծ է լինում և արագ էլ անցնում է ու մոռացվում՝ մինչև նոր հետաքրքիր ցնցող իրադարձություններ:
«Իզուր չէ, որ դեռ մանկուց մարդիկ խաղում են պախկվոցի»,- նկատեց Ս.Խուդոյանը:
Նրա խոսքով` տվյալ դեպքում հարցն Անժելա Սարգսյանը չէ, այլ ով էլ լիներ՝ նրա մասին լրատվամիջոցները նույն կերպ կվարվեին:
Ըստ նրա` շատ դերասաններ իրենք են այդպիսի քայլերի դիմում` իրենց գովազդն ապահովելու համար:
«Արտերկրում կան մարդիկ` դերասաններ, երգիչներ, ովքեր կարիք ունեն, որ իրենց մասին անընդհատ խոսեն, քննարկեն: Շատերն իրենք էլ են այդպիսի պարադոքսալ կենսագրական տվյալներ շպրտում այստեղ-այնտեղ»,- ասաց նա` ընդգծելով, որ որպես հոգեբան չի կարող գնահատական տալ երևույթին, այն ավելի շատ բարոյական է:










































