Ինչպես հայտնի է դարձել «Առաջին լրատվական»-ին, այսօր Լեհաստանի դեսպանատանը կայացած տեղեկատվական հանդիպման ժամանակ ներկայացվել է Արտոնագրերի տեղեկատվական համակարգը` մուտքի արտոնագրերի վերաբերյալ ԵՄ ընդհանուր քաղաքականության իրականացումն օժանդակող միջոցներից մեկը Հայաստանում:
Կարճաժամկետ այցերի համար մուտքի արտոնագրերի վերաբերյալ ԵՄ ընդհանուր քաղաքականության նպատակն է հնարավորություն տալ Շենգեն գոտուն արդյունավետ գործել, ինչպես նաև հեշտացնել օրինական այցելուների մուտքը դեպի Եվրամիություն և միևնույն ժամանակ ուժեղացնել ներքին անվտանգությունը:
Վերջին տարիներին ԵՄ-ն մշակել է արտաքին սահմանների կառավարմանը վերաբերող տվյալների հավաքման, մշակման և տրամադրման համար անհրաժեշտ տեղեկատվական տեխնոլոգիաների բազմաթիվ ծրագրեր, և ԱՏՀ ստացված արդյունքներից մեկն է:
Այն թույլ է տալիս Շենգենյան համաձայնագրի երկրներին միմյանց հետ փոխանակել արտոնագրերին վերաբերող տվյալներ ՏՏ կենտրոնական համակարգի, ինչպես նաև հաղորդակցման ենթակառուցվածքի միջոցով, որը կապ է հաստատում նշված կենտրոնական համակարգի և ազգային ծրագրերի միջև:
ԱՏՀ երրորդ երկրներում գործող ԵՄ հյուպատոսությունները կապում է Շենգեն համաձայնագրի երկրների արտաքին սահմանների բոլոր անցակետերի հետ, ինչպես նաև մշակում է դեպի Շենգեն գոտի կարճաժամկետ այցերի արտոնագրերի դիմումների տվյալները և որոշումները:
«ԱՏՀ-ի նպատակը ստուգումների և արտոնագրերի տրամադրման դյուրացումն է: Այն նաև օգնում է պայքարել չարաշահումների դեմ, ուժեղացնել անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանել ճամփորդողներին անձնական տվյալների գողությունից»,- հանդիպմանն ասել է Հայաստանում Եվրոպական միության առաջին խորհրդական Օննո Սիմոնսը:
ԱՏՀ-ն իրենց ներկայացնում է հետևյալը. արտոնագրի համար դիմած անձից պահանջվում են բոլոր մատնահետքերը և թվային լուսանկարը: Կենսաչափական այս տվյալները, ինչպես նաև մուտքի արտոնագրի դիմումի մեջ նշված տվյալները գրանցվում են տվյալների կենտրոնական ապահով շտեմարանում:
Երբ մատնահետքերը պահված են ԱՏՀ, դրանք կարող են օգտագործվել հետագա 5 տարիների ընթացքում մուտքի արտոնագրերի համար դիմելիս (մատնահետքեր չեն վերցվում 12 տարեկանից ցածր երեխաներից, ինչպես նաև այն անձանցից, ովքեր ֆիզիկապես անկարող են այն տրամադրել):
Երբ մուտքի արտոնագիր ունեցող անձը հասնում է Շենգեն գոտու արտաքին սահմանին, սահմանի աշխատակիցները ԱՏՀ միջոցով հնարավորություն են ունենում ստուգել տվալ անձի ինքնությունը, ինչպես նաև արտոնագրի իսկությունը:
ԱՏՀ-ն կիրառելի է Շենգեն համաձայնագրի բոլոր պետությունների համար, և անցումային ժամանակաշրջանից հետո` 2012թ աշնանը ներդրվող ՏՏ նոր լայնամասշտաբ համակարգի ԵՄ նոր գործակալությունը պատասխանատու կլինի ԱՏՀ գործառնական կառավարման համար:
Արտոնագրերի համար իրավասու պաշտոնատար անձիք կարող են օգտագործել ԱՏՀ դիմումները և դրանց վերաբերյալ որոշումները քննարկելու համար: Հատուկ դեպքերում, ահաբեկչական և քրեական հանցագործությունները կանխելու, հայտնաբերելու և հետաքննելու նպատակով` ազգային իշխանությունները և «Եվրապոլը» կարող են խնդրել ԱՏՀ տվյալների հասանելիության թույլտվություն:











































