Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը, երեկ Եվրամիություն – Ռուսաստան գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը: Ըստ ռադիոկայանի՝ Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպոյը հայտարարել է. «…մենք ընդգծել ենք, որ շատ կարևոր է, որպեսզի Ղարաբաղի հարցով ուսումնասիրվեն Մինսկի խմբի առաջարկները` խնդիրը իսկապես խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Շատ կցանկանայինք, որ նախագահ Մեդվեդևը նպաստեր խնդրի խաղաղ կարգավորմանը»:
«Մենք իսկապես այսօր խոսել ենք Մերձդնեստի և Ղարաբաղի մասին և անպայման կշարունակենք քննարկումները: Հուսով եմ, որ քննարկումները կմոտեցնեն այդ բարդ խնդիրների կարգավորումը»,- ասել է Մեդվեդևը:
Եվրամիություն – Ռուսաստան գագաթնաժողովի ժամանակ քննարկված հիմնական թեմաներն էին Ռուսաստանի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և վիզային ռեժիմի հարցը: