Բարի գալուստ, եթերում է «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդաշարը: Սա տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և Հայաստանի վրա դրանց ազդեցության գնահատմանն ու վերլուծությանը նվիրված մեր հաղորդաշարի վերջին հաղորդումն է, որ նվիրված է վերջերս Վաշինգտոնում կազմակերպված մի միջոցառման, որին մասնակցում էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներ:
Սա կարևոր փորձ էր ինչպես երկխոսություն կառուցելու, այնպես էլ մի հանդիպում կազմակերպելու, որի նպատակն էր Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների ներկայացուցիչներին մեկ վայրում համախմբելը: Երկխոսությունն իր բնույթով չէր վերաբերում կոնկրետ Լեռնային Ղարաբաղին, սակայն, իհարկե, ղարաբաղյան հարցը կամ կոնֆլիկտը դրա կենտրոնական տարրերից էր: Այդուհանդերձ, երկխոսությունը հետաքրքիր էր մի քանի պատճառներով:
Նախևառաջ, երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության փորձ է արվում: Ինչո՞ւ է այդքան դժվար կայանում նման նույնիսկ փորձը: Պատճառն այն է, որ ավելի բարձր` պաշտոնական մակարդակում` պաշտոնական դիվանագիտություն սահմաններում, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները զբաղված են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում սեփական երկխոսությամբ, որը ղարաբաղյան հակամարտության միջազգային միջնորդ է: Դիվանագիտական մակարդակում, սակայն, երկու կողմերը միմյանցից շատ հեռու են և մինչև հիմա միջնորդության այս փորձն աննշան առաջընթաց է ունեցել:
Այս երկխոսությունը հետաքրքիր էր, որովհետև այն պաշտոնական չէր: Ի տարբերություն պաշտոնական` պետությունը պետության հետ երկխոսության, այս ոչ պաշտոնական երկխոսության մեջ ընգրկված են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Սա նման է այն գործընթացին, որում ներգրավված էին Հայաստանը և Թուրքիան `երկխոսության, համագործակցության և համատեղ աշխատանքի առումով:
Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան երկխոսությանը, ապա այն իրենից ներկայացնում էր երեք օր տևողությամբ միջոցառումների և հանդիպումների շարք` դրանցից որոշները` հրապարակային, իսկ որոշները` մասնավոր: Այն կազմակերպվել էր ԱՄՆ առաջնային համալսարաններից մեկի`Ջորջ Մեյսոն համալսարանի աջակցությամբ, որը հայտնի է հակամարտությունների կարգավորման բնագավառում: Այս երկխոսության կազմակերպման հարցում աջակցություն էր ցուցաբերել նաև առաջատար հասարակական կազմակերպություններից մեկը, որը հայտնի է «Իմեջին» անվամբ: Այս հասարակական կազմակերպությունը ղեկավարվում է հայերի և ադրբեջանցիների կողմից, և սա փորձ է դրական մթնոլորտ ապահովելու, ինչպես նաև շփումների և երկխոսության համար դաշտ ստեղծելու համար:
Եռօրյա այս միջոցառումը, որը վերջերս տեղի ունեցավ Վաշինգտոնում, հատկանշական էր նաև նրանով, որ այն հայկական և ադրբեջանական կողմերից համախմբեց զանազան մասնակիցների` ներառյալ որոշ պաշտոնական կառավարական մասնակցություն: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, օրինակ, ուղարկել էր իր առաջատար և, անկեղծորեն, ամենախելացի պաշտոնյաներից մեկին՝ Հայաստանի իշխանության դիրքորոշումը բացատրելու, բայց միաժամանակ երկխոսության մեջ դրական ավանդ ունենալու համար:
Ադրբեջանական կողմից ներկա էր արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակը, կրկին պաշտոնական դիրքորոշումը հայտնելու, բայց նաև երկխոսության շատ ավելի դրական մթնոլորտին մասնակցություն բերելու համար, որովհետև երրորդ պատճառը, որ սա հատկանշական է, այն է, որ շատ երկար ժամանակահատվածում սա առաջին անգամ էր, երբ հայկական և ադրբեջանական կողմերը ներգրավված էին մի երկխոսության մեջ, որի նպատակն էր խոսել միմյանց հետ, այլ ոչ թե անտեսել դիմացինին: Այլ կերպ ասած` կողմերի հետ խոսելու հետ մեկտեղ այստեղ կարևոր էր նաև լսելը: Իհարկե, սա Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար չէր ո՛չ ձևաչափ էր, ո՛չ նախնական առաջին քայլ և ո՛չ էլ ասպարեզ: Սրա նպատակն ավելի շատ կառուցողական և նոր գաղափարներ առաջ քաշելն էր այն խնդիրների շուրջ, որոնք կապված են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հետ, այլ նաև հանդիսանում են տարածաշրջանի` Հայաստանի և Ադրեջանի խնդիրները: Կարևորն այն է, որ մենք ունենք չհայտարարված պատերազմական վիճակ, որը դեռևս գործում է: Ի հեճուկս Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված զինադադարի`Լեռնային Ղարաբաղը շարունակում մնալ «սառեցված հակամարտություն»: Այս երկխոսությունը մի փորձ է ընդլայնելու շփումների և բանավեճի բնույթը` երկու կողմերի հետ կատարելով համատեղ աշխատանք:
Ի սկզբանե գոյություն ուներ հիմնական նախապայման կամ հիմնարար պայմանավորվածություն, որը շատ օգտակար էր այս երկխոսության համար: Այդ պայմանավորվածությունը վերաբերում էր պատրաստակամությանը անհրաժեշտ պահին համաձայնել չհամաձայնվելու մասին: Այլ կերպ ասած` մենք կարող էինք քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, բայց պատնեշներ կամ խոչընդոտներ չպետք է առաջանային համաձայնության չգալու պատճառով: Իրականում վստահության ամրապնդման միջոցների համար դեռևս հիմքեր չկան:
Վստահությունը պահանջում է հավատ, որը դեռ բացակայում է հայկական և ադրբեջանական կողմերի միջև: Այս երկխոսությունը ավելի շատ ուղղված էր երկխոսության կառուցմանը, քան համոզվածության կերտման միջոցառում էր հանդիսանում: Որպես մի քանի տարիների ընթացքում առաջին փորձ` այն կարևոր էր հենց միայն այդ իմաստով:
Կարևոր է նաև այն, որ կար պատրաստակամություն և որոշում՝ երկխոսությունը դարձնել, որքան հնարավոր է, ընդգրկուն, երբ նրա նպատակը կլիներ ոչ միայն Ղարաբաղը կամ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ներկայացնող անձանց համախմբելը, այլ ավելի շատ անհատների համախմբելը, անհատներ, ովքեր ներկայացնում են փորձագիտական տարբեր շրջանակներ և ի վիճակի են ավանդ ունենալ այս հարցում:
Այս, կամ Վաշինգտոնում տեղի ունեցած եռօրյա երկխոսություն-հանդիպումը ընդգրկում էր մասնակիցներ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունից, կառավարությունից, այլ նաև Ղարաբաղից, ինչն արդեն հետաքրքիր է: Այնտեղ էին նաև սփյուռքի ներկայացուցիչներ: Ներկա էին մարդիկ, ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական սփյուռքից, որոնք ապրում և աշխատում են Ադրբեջանից դուրս: Սա, որպես առաջին քայլ, նպատակ էր հետապնդում կերտել ներգրավվածության և երկխոսության ավելի լայն գործընթաց:
Շատերը թերահավատ են և որոշները հավանաբար դեմ են, բայց իրականում կա երկխոսության կարիք` հատկապես հաշվի առնելով պատերազմի սպառնալիքը և շփումների բացակայությունը:
Այսպիսի երկխոսության կարևորության պատճառներից մեկը նաև այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների համատեղ աշխատանքը շատ դժվար է, եթե ոչ անհնարին: Շատ քիչ ադրբեջանցիներ են գալիս Հայաստան: Որոշները գալիս են կոնֆերանսների և քաղաքացիական հասարակության միջոցառումների մասնակցելու, սակայն ընդհանրապես դա շատ դժվար է, քանի որ ադրբեջանցի ակտիվիստը կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը, գալով Հայաստան, խնդիրների առաջ է կանգնում կամ ճնշումների է ենթարկվում Բաքու վերադառնալուն պես: Հայաստանի պարագայում խնդիրը նույնիսկ ավելի բարդ է: Այն հայերը, որոնք փորձում են գնալ Բաքու կամ ցանկանում են շփվել ադրբեջանցի գործընկերների հետ, որպես կանոն, չեն ստանում վիզաներ կամ ի վիճակի չեն պարզապես մեկնել Ադրբեջան: Այս պատճառով հայ-ադրբեջանական հանդիպումներից շատերը տեղի են ունենում Վրաստանում, կամ այս դեպքում՝ Միացյալ Նահանգներում` չեզոք, երրորդ կողմերի տարածքում:
Այս վերջին եռօրյա հանդիպման ընթացքում, որը և՛ հրապարակային, և՛ մասնավոր բնույթ ուներ, տեղի ունեցավ տեսակետների հետաքրքիր փոխանակում` իր բնույթվ շատ կարևոր նոր գաղափարներ առաջ քաշելու և տարբեր դիրքորոշումներ արտահայտելու, ինչպես նաև կառավարություններին առաջարկներ անելու, բայց առավելապես Լեռնային Ղարաբաղի շուրջ բանավեճը ընդլայնելու և քննարկումը առաջ մղելու առումով:
Հետաքրքիրն այն է, որ երկու կողմերը դիվանագիտորեն միմյանցից շատ հեռու են գտնվում: Ադրբեջանը շատ դեպքերում մեծապես հուսախաբված է ԵԱՀԿ միջնորդության հարցերում փորձի պակասից: Ավելի կարևոր է, սակայն, այն, որ Ադրբեջանն իրեն արդարացիորեն դավաճանված է զգում Թուրքիայի կողմից, և սա նոր հնարավորություն է, որովհետև այլևս գոյություն չունի ադրբեջանա-թուրքական «մեկ ազգ, երկու պետություն» առանցքը, սակայն առկա է անմիջական շփում Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև:
Կարևոր է նաև այն, որ այս կոնտեքստում Լեռնային Ղարաբաղը այլևս անմիջականորեն չի կապվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Իրականում հայ-թուրքական դիվանագիտական շփումներում արձանագրությունները ոչ մի հղում չունեն՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ: Ղարաբաղի հարցը անջատվել է հայ-թուրքական խնդրից: Այս ձևով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների շփումները չեն վերաբերում Թուրքիային: Դրանց նպատակն է՝ հիմնել շփումների մի գիծ, ինչպես նաև՝ կառուցողական բանավեճի փորձ, բայց նաև քննարկման և նաև տեսակետների փոխանակման համար, ինչը երկար տարիներ գոյություն չի ունեցել:
Կարևոր է նաև սրա ավելի ընդարձակ ազդեցությունը: Այլ կերպ ասած` իմաստն այն է, որ երկու հասարակություններում առկա տարբեր կարծիքների մասին բարձրացվի տեղեկացվածությունը և հասարակության կրթվածությունը: Ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում սուր են դրված ժողովրդավարության, տնտեսական զարգացման խնդիրները: Այլ կերպ ասած` Հայաստանը և Ադրբեջանը հարևաններ են, և, ինչպես ցույց է տալիս պատմությունը, դու չես ընտրում քո հարևաններին: Այս դեպքում Հայաստանը և Ադրբեջանը, որպես Հարավկովկասյան տարածաշրջանի անքակտելի մասեր, ունեն միայն մեկ այլընտրանք՝ շփումներ և երկխոսություն: Չկա առաջ գնալու այլ ճանապարհ: Սա ո′չ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու փորձ է, ո′չ կարծիքները փոխելու փորձ: Սա դիրքորոշումները փոխելու և երկու երկրների կառավարությունների և հասարակությունների մոտ մյուս կողմին լսելու և դիտարկելու ցանկություն առաջացնելու փորձ է:
Սակայն, արտահայտելով մի փոքր թերահավատություն, պետք նշեմ, որ առանց գործունյա պայմանավորվածությունների և դեպի առաջ քայլերի, այս եռօրյա երկխոսությունը կարող էր լինել գեղեցիկ, կարևոր, բայց ամենայն հավանականությամբ՝ անտեղի և անիմաստ, եթե չունենար շարունակություն: Կարևորն այն էր, որ երկու կողմերը հասան պայմանավորվածության՝ այս գործընթացն ընդլայնելու, ավելի ընդգրկուն դարձնելու, Լեռնային Ղարաբաղը ներառելու, բայց նաև արմատներով Ղարաբաղից ադրբեջանցիների ձայները լսելու, ինչպես նաև՝ երկխոսության մեջ ավելի ազնիվ և անկեղծ լինելու առումով: Այս կերպ գործընթացը հույս և լավատեսության զգացում է առաջացնում, և պետք է փորձել այն առաջ տանել: Սա նաև ստեղծում է ավելի շատ քաղաքական դրդապատճառներ և խթան, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունները քննարկումներն ու բանավեճերն ընդայնեն` դիտարկելով նորանոր գաղափարներ և տարբերակներ:
Ինչպես հայ-թուրքական գործընթացը Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու համար, այնպես էլ այս երկխոսությունը՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի իրականության հետ հաշտվելու համար շատ կարևոր հանգամանք է: Մենք հուսով ենք, որ ի տարբերություն քաղաքական գործիչների`նմանատիպ երկխոսության գործընթացը իր մեջ քաղաքական կեցվածք չի պարունակում, չի հանդիսանում բանավեճ` առանց քննարկումների: Այլ կերպ ասած`սա որքան միմյանց հետ խոսելու, այնքան էլ միմյանց լսելու խնդիր է: Հետաքրքիրն այն է, որ սա գաղտնի գործընթաց չէ: Այն շատ թափանցիկ և անկեղծ գործընթաց է: Դեռևս շատ շուտ է ասել, թե արդյո՞ք այն բարեհաջող շարունակություն կունենա, բայց արժե է հանձն առնել այդ «վարժությունը», ինչպես նաև ողջունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների ներգրավվածությունն ու համաձայնությունը:
Մենք ուշի ուշով կհետևենք այս գործընթացին և կանոնավոր կերպով կզեկուցենք հայ-ադրբեջանական երկխոսության կարգավիճակի և աշխատանքի մասին:
Շնորհակալություն՝ մեզ դիտելու համար, մինչև հաջորդ շաբաթ: Եթերում էր «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդաշարը:









































