Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում ընդունված հայտարարության մեջ կարևորվում է նաև մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքների բացահայտումը: Սակայն այդքանից հետո որևէ խոսք չկա քաղբանտարկյալների մասին: Հայկական պատվիրակության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ նման հարց չի բարձրացվել: Ըստ նրա` նախնական հայտարարության տեքստում եղել են տարբեր կարգի ձևակերպումներ, սակայն փաստն այն է, որ կա այն հայտարարությունը, որ ընդունվել է: Իսկ պատվիրակության անդամ, «Ժառանգության» ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը նշեց, թե իր տպավորությամբ, եվրոպացիները նման ներքին հարցերը թողնում են, որ ժողովուրդը, քաղաքական ուժերն իրենց երկրի ներսում լուծեն: