Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու Իզմիրում նավթավերամշակման գործարանի հիմնարկեքի արարողությանը։ Այդ գործարանը կառուցվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) միջոցների հաշվին։
Իզմիր նավթավերամշակման գործարանի հզորությունը կազմելու է 10 միլիոն տոննա նավթ։ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի խոսքերով՝ այդ նախագծում ներդրվելու է 5.5 միլիարդ դոլար, գործարանի կառուցումն ավարտվելու է 2015 թվականին, թեև նրա առաջին սարքավորումները շահագործման կհանձնվեն արդեն 3 տարի անց։
Բացի այդ, չի բացառվում, որ Ալիևի թուրքական այցի շրջանակներում կնքվի ադրբեջանական գազի՝ թուրքական տարածքով դեպի Եվրոպա տարանցման մասին գազային համաձայնագիրը։
Ալիևի թուրքական այցի շրջանակներում ակնկալվում է նաև թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստի անցկացումը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել էր, թե Իզմիրի նավթավերամշակման գործարանը Թուրքիայի էներգետիկ շուկայում ամրապնդելու է Ադրբեջանի դերը՝ ընդգծելով, որ դա էներգետիկ ոլորտում Ադրբեջանի խոշորագույն ներդրումային նախագիծն է։











































