Ռուսաստանյան REGNUM գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում տեղի ունեցած Հայկական եկեղեցական համալիրի օծման արարողության ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը գործակալության թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հետխորհրդային տարածքում Եվրասիական միություն ստեղծելու Պուտինի առաջարկին, ասել է. «ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Եվրասիական միություն ստեղծելու վերաբերյալ, անհրաժեշտություն է»։
Այնուհետև Արա Աբրահամյանը հավելել է. «Մարդիկ դրան վաղուց սպասում են՝ նաև Հայաստանում: Հայերը սպասում էին դրան, նրանք մոտ են Ռուսաստանին: Մենք Ռուսաստանում 2,5 միլիոն ենք, և մենք բոլորս հարազատներ ունենք Հայաստանում: Մեզ` ռուսներին, հայերիս, ավելի մոտ է այս գաղափարը: Եվ պետք է հասկանալ, որ նույնիսկ Եվրոպայում, չնայած ինտեգրմանը, լեզվական խոչընդոտ կա: Իսկ այստեղ` Ռուսաստանում, դա չկա։ Քանի դեռ մենք` հայերս, վերջնականապես չենք կորցրել ռուսերենը, պետք է միավորվել: Ես ինքս դժվարությամբ եմ ռուսերեն խոսում: Ես բոլորից ավելի լավ գիտեմ, թե ինչ է լեզվական խոչընդոտը: Պուտինը ճիշտ ժամանակին առաջարկեց այն, ինչ պետք է: Ես լիովին պաշտպանում եմ այդ առաջարկը։ Կարծում եմ՝ Հայաստանում նույնպես դա պաշտպանում են: Ես այդ մասին խոսել եմ Սերժ Սարգսյանի հետ, և նրանից դրական պատասխան եմ ստացել: Նա ասաց, որ պետք է քննարկել հարցի իրավական մասը: Չնայած նրան, որ Հայաստանը սահմանակից չէ Ռուսաստանին, Հայաստանը պետք է անդամակցի ոչ միայն Եվրասիական միությանը, այլև Մաքսային միությանը»։











































