Սահմանների համալիր կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման կարևորությունն ընդգծելու համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագիրը Երևանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում կազմակերպել է երկօրյա աշխատաժողով: Այդ աշխատաժողովի նպատակն է զարգացնել Հարավային Կովկասի երկրների, Եվրամիության անդամ երկրների և այլ միջազգային գործընկերների միջև առկա միջգերատեսչական երկկողմանի և տարածաշրջանային համագործակցությունը, հեշտացնել անձանց և ապրանքների միջսահմանային շարժը,ապահովել սահմանների անվտանգությունը: Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման» ծրագիրը իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից, որի համար հատկացված է 1,403,000 եվրո: Արթուր Բաղդասարյանը նշեց,որ ծրագրի նպատակն է մարդկանց, ապրանքների տեղափոխման ժամանակ բյուրոկրատական քաշքշուկների բացառումը: Նա ասաց նաև, որ Հայաստանում կառուցվելու են միջազգային չափանիշներին համապատասխան մաքսային անցակետեր: Ըստ նրա՝ առաջիկայում կդյուրանա Հայաստանից Վրաստան մեկնողների սահմանային շարժը: