Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ երեկ Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-կայանում տեղի են ունեցել 2012-2013 թվականների ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ դառնալու ընտրությունները։ Դրա արդյունքում ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամներ են դարձել Գվատեմալան, Մարոկկոն, Պակիստանն ու Տոգոն։
ՄԱԿ ԱԽ-ն բաղկացած է 5 մշտական (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան) և 10 ժամանակավոր անդամներից։ Վերջիններս ընտրվում են երկու տարի ժամկետով և ամեն տարի տեղի է ունենում դրանցից 5-ի փոփոխությունը։
Այդ մանդատները տրվում են աշխարհագրական սկզբունքի հիման վրա. Աֆրիկայի ու Ասիայի միացյալ տարածաշրջանին հատկացվում է 5 մանդատ, Լատինական Ամերիկային ու Արևմտյան Եվրոպային՝ երկուական, 1 մանդատ էլ տրվում է Արևելյան Եվրոպային։
ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու համար թեկնածու երկիրը պետք է հավաքի ներկա պետությունների ներկայացուցիչների քվեների 2/3-ը։ Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ տվյալ պետությունն իր տարածաշրջանի միակ թեկնածուն է։
Երեկ տեղի ունեցած քվեարկության առաջին փուլում Գվատեմալան ստացել է 191 քվե, Մարոկկոն՝ 151, իսկ Պակիստանը՝ 129։ Երկրորդ փուլ են մտել Տոգոն ու Մավրիտանիան։ Արդյունքում, նրանց պայքարի հաղթողը վճռվել է երրորդ փուլում, այն բաժին է ընկել Տոգոյին՝ 131 քվե։
ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամի 5-րդ տեղի համար պայքարել են Սլովենիան, Հունգարիան ու Ադրբեջանը։ Երկրորդ փուլ են անցել Սլովենիան ու Ադրբեջանը։ Սակայն անգամ 9-րդ տուրից հետո նրանք չեն կարողացել հավաքել քվեների 2/3-ը (129 քվե), ինչի արդյունքում որոշվել է այն հետաձգել հոկտեմբերի 24-ին։ Ադրբեջանին չի բավականացրել ընդամենը 13 քվե՝ հաղթանակի հասնելու և ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու համար։
Հիշեցնենք, որ նորընտիր ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամներն իրենց նոր գործունեությանը ձեռնամուխ պետք է լինեն 2012 թվականի հունվարի 1-ից։











































