Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբն իր ինտերնետային կայքի միջոցով հայտարարություն է տարածել՝ կապված հոկտեմբերի 20-ին 5 տարբեր վայրերից Հյուսիսային Իրաք թուրքական բանակի 22 գումարտակների ներխուժման հետ։
Իր նոր հայտարարությունում Գլխավոր շտաբն ընդգծել է, որ ԶԼՄ-ները սխալ են մեկնաբանել իր նախորդ հայտարարությունը՝ ներկայացնելով, թե թուրքական բանակը քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ է մղում բացառապես երկրի սահմաններից դուրս ընկած տարածքում (Հյուսիսային Իրաք)։
Գլխավոր շտաբը հստակեցնում է, որ ցամաքային ու օդային ռազմական գործողությունների հիմնական մասը մղվում է հենց Թուրքիայի տարածքում՝ Չուքուրջայում, ուր քուրդ զինյալները սպանել էին 24 թուրք զինծառայողի, մինչդեռ Հյուսիսային Իրաքում միայն մի շարք վայրերում են իրականացվում ցամաքային ու օդային գործողություններ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնում էին, թե Չուքուրջայի հարձակումն իրականացրել են 200 քուրդ զինյալներ։ Իսկ երբ ի պատասխան դրա՝ թուրքական բանակի 22 գումարտակներ ներխուժեցին Հյուսիսային Իրաք, քրդական Fırat լրատվական գործակալությունը գրեց, որ թուրքական կողմը 200 քուրդ զինյալների դեմ ուղարկել է 22,000 զինծառայող։











































