Մի քանի տարի առաջ, երբ իրենց մտավորականներ համարող մի խումբ մարդիկ ներգրավվեցին Երևան քաղաքի ավագանու շարքերում, հավատացնում էին (համենայնդեպս, այդպես էին պնդում), որ գալիս են մշակույթի մեջ առկա բացերը լրացնելու, որ իրենց մշակույթն է հուզում, քանի որ արվեստը, լեզուն, գրականությունը, թատրոնը բարձիթողի վիճակում են:
Սակայն ոչինչ չփոխվեց, որևէ մեկը այդ փոփոխությունը չէր էլ ակնկալում, որ կիրականացնեն մարդիկ, ովքեր հավատացած են, որ Գագիկ Բեգլարյանի հոգում թատրոն կա, և միայն հոգում թատրոն ունեցող մարդը կարող է թատրոնին և այլ ոլորտներին այդքան ուշադրություն դարձնել: Հիմա նորից նախընտրական փուլում մտավորականության դերի մասին խոսակցությունները թեժանում են:
Նախօրեին ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը խոսեց անկախության և խորհրդային տարիների մտավորականների տարբերություններից: Խորհրդային Միության ժամանակաշրջանում, նրա խոսքերով, մտավորականը ժողովրդի համար հոգևոր առաջնորդ էր, ով կազմակերպում էր հասարակական միտքը, և այդ ամենն արտոնված էր, քանի որ մի կողմից՝ հասարակությունը տեր էր կանգնում, մյուս կողմից՝ պետությունը ամեն կերպ օգնում էր մտավորականին: Լ.Անանյանի խոսքերով` մեր մտավորականությունը ժամանակին բարեկեցիկ էր ապրում, հոնորար էր ստանում, սակայն անկախությունից հետո արժեքային համակարգը փոխվեց, փոխվեց մտավորականի դերն ու առաքելությունը, և այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասարակությունը տարանջատված է, և շատ դժվար է ասել, որ մտավորականների կարծիքը կարող է միավորող և որոշիչ լինել: Նա ցավով նշեց, որ ստեղծագործական մտավորականության հատվածը նվիրվեց քաղաքականությանը, և դրանից գրականությունը տուժեց, և լավ կլինի ստեղծագործական մտավորականությունը չքաղաքականանա:
«Մտավորականությունն այն ներուժն է, որն ինքնին ընդդիմություն է, իհարկե ընդդիմություն չի նշանակում` գնալ միտինգային ճառերի, ընդդիմություն չի նշանակում` հեղափոխության կոչ անել, ես ինքս միշտ դեմ եմ եղել ցնցումներին, հեղաբեկումներին»,- ասաց ՀՀ գրողների միության նախագահը: Նա հավելեց, որ շատ է ուզում, որ մտավորականները հենց ծայրահեղական շերտին կարողանան բերել, համախմբել ընդհանուր հոգսերի շուրջ, որովհետև, Լ.Անանյանի խոսքերով, բարիկադի աջ և ձախ կողմում մեր ժողովուրդն է:
Սակայն դժվար է համախմբել իրար հետ տարբեր «գործիքներով» խոսողներին, առավել ևս` այն հատվածին, որ գտնում է` մեզանից յուրաքանչյուրը պետք է զբաղվի քաղաքականությամբ:
Հրապարակախոս, թատերագետ Արա Նեդոլյանը նախ նշեց` ի՞նչ է քաղաքականությունը. մի գործունեություն է, որն ուղղված է հանրային կյանքը կանոնավոր, բանական, արժեքային սկզբունքներով կառուցելուն, հանրության ինքնակառուցման գիտակցական ընթացքն է, քանի որ եթե ոչ դրանով, ապա ինչո՞վ առհասարակ պետք է զբաղվի մտավորականը, իր ո՞ր մի գործունեության համար է նա հավակնում հասարակական ճանաչման և ֆինանսավորման, ո՞րն է նրա գործառույթը և ստեղծած արդյունքը: Մյուս կողմից, հրապարակախոսի խոսքով, քաղաքական մշակույթ արտադրելուց օտարված քաղաքականությունը վեր է ածվում անձնական ու խմբային ինքնահաստատման ուժային միջոցներով, հենց այն ծայրահեղականությանը, որի դեմ իբր հանդես է գալիս Լևոն Անանյանը: «Հանրօգուտ գիտելիքի, հանրային մշակույթի, արվեստի ստեղծագործության արտադրությունը հնարավոր է միայն մասնակցային ձևով, այսինքն՝ դու ինքդ ես քո գործողություններով, կեցվածքով, հասարակական ակտիվիզմով մարմնավորում այն մշակույթը, հանրային արժեքները ու տեսլականները, որոնք արտադրում ես, և ոչ թե արտադրում ես, որ ոմն անհայտ ուրիշները դա մարմնավորեն, իրականացնեն»,- ասաց Արա Նեդոլյանը` ավելացնելով, որ երբ ասում ես «պետք է», դու առաջինն ես քո օրինակով անում այն, ինչ պետք է, և ոչ թե «պետք է, պետք է, ախ, ինչու չեն հասկանում որ պետք է ու չեն անում» կոչերով լցված տեքստեր գրում, ինչպես որ դա անում է հին մտավորականությունը: Այդ անհատական ակտիվիզմը հանդիսանում է միաժամանակ քաղաքական ու մտավորական գործունեություն, մեկը առանց մյուսի՝ անիմաստ է կամ էլ՝ անիմաստ ու վտանգավոր:
Պատմական գիտությունների թեկնածու Հայկակ Արշամյանը նշեց, որ մտավորականություն ասելով պետք է հասկանալ ոչ միայն ինտելեկտ, կրթական ցենզ, ընտանեկան դաստիարակություն, այլև այդ ամենի արդյունքում ձևավորված որոշակի արժեհամակարգ: Այդ արժեհամակարգի կրողները, Հ.Արշամյանի խոսքով, միշտ էլ ճնշող փոքրամասնություն են հասարակության մեջ ու բնականաբար նաև ընդդիմություն՝ ընդվզող ու պայքարող. ոմանք պայքարում են բարիկադներում, ոմանք փորձում են անձնական վարքով օրինակ ծառայել, ոմանց պայքարն էլ արտացոլվում է իրենց ստեղծագործություններում: Իսկ չմտավորականների շարքերում, Հայկակ Արշամյանի համոզմամբ, թե՛ նախկինում, թե՛ հիմա կան բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, ում կարելի է անվանել գիտնական, գրող, նկարիչ, ճարտարապետ, որոնք, սակայն, մտավորականի կոչման արժանի չեն. «Խորհրդային տարիների մտավորականն իմ համար Սախարովն էր, Վիսոցկին, Սոլժենիցինը, Սևակը, անցյալ դարի 60-ականներից պայքարող սերունդը: Իհարկե, միշտ էլ լինելու են պալատական երգիչներ ու պոետներ, հլու կամակատարներ, քծնողներ՝ դա էլ իրենց մարդկային տեսակն է: Ու մեծ հաշվով շատ բան չի փոխվել, նույն մշտապես հավատափոխության պատրաստ պնակալեզները` մի կողմից, ըմբոստների մի փոքր խումբ` մյուս կողմից: Դրանք միշտ էլ 300 սպարտացի են, միշտ էլ փոքրաթիվ, բայց չհանձնվող: Իսկ երկու տեսակի միջև անսահման գորշ ու ամորֆ մի հսկա զանգված կա, որը պատրաստ է ապրելու ցանկացած տիպի հասարակարգում` լինի դա բռնազավթված երկիր, թե անկախ պետություն»:
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ եթե երկրում չկա լեգիտիմ իշխանություն, ապա մտավորականը ոչ միայն պետք է խոսքով քննադատի, այլ նաև հայտնվի հրապարակում ու ինչու չէ` նաև միտինգներին: «Իսկ ո՞ւր է Լևոն Անանյանի նշած մտավորականը, երբևէ ո՞վ է տեսել այդ ընդդիմադիր մտավորականին… ես չեմ տեսել: Էսօր մտավորականին սոցիալական դրության պատճառով պնակալեզ են դարձրել: Իմ համար մտավորականը Օհան Դուրյանն է, Շառլ Ազնավուրը, բայց ոչ Լևոն Անանյանի նշած չերևացող մտավորականը…»: Նա Լևոն Անանյանին խորհուրդ տվեց Չերչիլ կարդալ. Չերչիլն ասում էր, որ առաջնակարգ ուղեղները պետք է զբաղվեն քաղաքականությամբ, եթե երկրում վիճակը, մեղմ ասած, վատ է:
Արվեստագետ Արման Գրիգորյանի բնորոշմամբ` մենք գործ ունենք Սովետական Միությունից ժառանգած հաստատության ղեկավարի դիրքորոշման հետ, որը ձևավորվել է 60-ականներին և կապ չունի այսօրվա հետ: Հիմա, ըստ արվեստագետի, մենք բոլորովին այլ իրավիճակում ենք հայտնվել, երբ մտավորական մարդու դերը բացարձակապես չի համընկնում այն սխեմային, որը պատկերացնում է: Նա այս դիրքորոշումը կոնֆորմիստական համարեց, իսկ կոնտեքստից կտրված մտավորական մարդու մտքերն արժեք չունեն: «Կոչ անել այսօրվա արվեստագետներին, հատկապես գրողներին ստեղծագործել` առանց հաշվի առնելու, թե որ երկրում են ապրում, ինչ ժամանակաշրջանում են ապրում և ինչ է կատարվում կյանքում, դա, իրենց բառերով ասած, գրողներին ֆորմալիստական փնտրտուքների դրդել է»,- ասաց Ա.Գրիգորյանը: Նրա խոսքերով` քաղաքականությամբ զբաղվում են նույնիսկ ամենահեռավոր գյուղում ապրող մարդիկ: Հրանտ Մաթևոսյանն իր գործերով դա էր փորձում ներկայացնել: Իսկ «մտավորական» բառը, արվեստագետի խոսքերով, օգտագործվում է այն իմաստով, որ դու զբաղված ես հասարակական և քաղաքական գործունեությամբ, հակառակ դեպքում դու մտավորական չես: Մտավորական համարվում են մարդիկ, ովքեր ավելին են անում, քան իրենց բուն մասնագիտությունն է:











































