ԱԺ հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն անդրադարձավ հիմնական սննդատեսակների գների անընդհատ, «անկանոն, հիմնականում անհիմն, չլսված, վայրենի բարձրացումներին»։ Կոալիցիայի ներկայացուցիչը պարզապես քննադատեց այդ գնաճը. «Թանկացել ու թանկանում է բառացիորեն ամեն ինչ: Ինչո՞ւ է հապաղում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Կարող եք առարկել, թե անցած ուրբաթ նշյալ հանձնաժողովն անդրադարձավ պանրի գներին։ Այո, երբ դրանք հատեցին կրկնակիի՝ 3 000-ի սահմանը։ Կամ մտադիր են կանխել նախաամանորյա գնային թռիչքները։ Հնարավոր է, բայց դատելով այս հաստատության՝ շուկայում արձանագրվող փոփոխություններին արձագանքելու տեմպերից՝ միջամտությունը կլինի, ամենայն հավանականությամբ, ամանորյա տոներից հետո»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամաավորը։