Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցները երեկ խուզարկություններ են սկսել «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ բոլոր մասնաճյուղերում միաժամանակ: Հարկայինը ՀԷՑ տնօրենների ու հաշվապահների սենյակներից առգրավել է բոլոր համակարգիչները, հաշվապահական փաստաթղթերն ու ընկերության թղթաբանությունները:
«Մինչ այդ, սակայն, ՀԷՑ իրացման գծով փոխտնօրեն Թոխունցը հասցրել է շտապ հեռագիր ուղարկել ՀԷՑ մասնաճյուղեր՝ նախազգուշացնելով, որ հնարավորինս թաքցնեն փաստաթղթերը: Սա կատարվել է հարուցված քրեական գործի շրջանակներում, քանի որ ՀԷՑ-ը պետական բյուջե չի վճարել 1,9 մլրդ դրամ հարկ»,- գրում է թերթը և հավելում.
«Կատարվածի վերաբերյալ կա երկու վարկած: Առաջինի համաձայն՝ վերջին պահին ՀԷՑ-ը հրաժարվեց իր մասնաբաժնի 20 տոկոսը վաճառելուց, քանի որ որպես գնորդ հայտնված ֆրանսիական կազմակերպությանը կասկածել էին հայ օլիգարխների հետ սերտ հարաբերություններ ունենալու մեջ: Այսինքն՝ վրեժ են լուծում: Երկրորդ՝ Տիգրան Սարգսյանի՝ ՌԴ այցի ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ՀԷՑ-երի սեփականատեր ռուսական կազմակերպությունը հարկեր չի վճարում` պատճառաբանելով, թե ՀՀ-ում վնասով է աշխատում: Պուտինը կասկածներ է հայտնել, որ գումարները մնում և կիսվում են Հայաստանում»:











































