ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն այսօր Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի` թրաֆիկինգի դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) գործադիր քարտուղար Պետիա Նեստերովայի հետ:
Հանդիպմաը զրուցակիցները քննարկել են թրաֆիկինգի դեմ պայքարին ուղղված աշխատանքները, Մարդկանց շահագործման` թրաֆիկինգի դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիայի կիրարկմանը, Հայաստանի ազգային զեկույցին վերաբերող հարցեր:
Նշենք, որ Հայաստանն այս տարի առաջին անգամ GRETA-ին է ներկայացրել ազգային զեկույցը, և այս օրերին GRETA-ի փորձագետների խումբը Հայաստանում է` զեկույցի վերաբերյալ հավելյալ քննարկումների անցկացման համար:
Ա. Գևորգյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս թրաֆիկինգի դեմ պայքարին և այս ոլորտում կարևորում են համագործակցությունը ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ երկկողմ մակարդակով: Թրաֆիկինգի դեմ պայքարում պետությունն իր գործընկերն է համարում նաև հասարակական կազմակերպություններին, որոնք ներգրավված են իր ղեկավարած խորհրդի կազմում: Նա հույս է հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի նկատելի առաջընթաց արձանագրել ոլորտում: Անդրադառնալով կատարված աշխատանքներին` փոխվարչապետը մասնավորապես տեղեկացրել է, որ «Քրեական օրենսգրքում» կատարված վերջին փոփոխություններով արդեն ամբողջացել է ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտը:
Պ. Նեստերովան էլ իր հերթին կարևորել է Հայաստանի կողմից թրաֆիկինգի դեմ պայքարում իրականացված աշխատանքները և արդյունավետ համարել GRETA-ի հետ Հայաստանի համագործակցությունը:











































