Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, Շիրակի նախկին փոխմարզպետ Պետրոս Մակեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ 1998 թ. առաջին անգամ ընդունվեց «Աղետի գոտու վերականգնման» առաջին ծրագիրը, որը պետք է ավարտվեր 2006 թ., այնուհետև` 2002թ. ընդունվեց երկրորդ ծրագիրը, որը դարձյալ թղթի վրա է մնացել: Դրանից հետո էլ Սերժ Սարգսյանն է խոստումներ տվել, որ աղետի գոտու աշխատանքները կավարտվեն 2013 թ.: «Իրականում Ռոբերտ Քոչարյանի և նրա ժառանգորդ Սերժ Սարգսյանի խոստումները, որոնք նրանք տվել են աղետի գոտու բնակիչներին, իմիտացիա են: Առաջին ծրագիրը տպագրելու համար, Պետրոս Մակեյանի հավաստմամբ, իշխանությունները ծախսել են 250 հազար դոլար: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ երբ ինքն այն ժամանակ ԱԺ պատգամավոր էր, դեմ էր քվեարկել, քանի որ համարել էր, որ այդքան կարճ ժամանակում հնարավոր չէ վերականգնել աղետի գոտին: Պետրոս Մակեյանը նշեց, որ այսօր էլ՝ երկրաշարժից քսաներկու տարի անց, մարդիկ կան, որ ապրում են տնակներում: Եվ այդ մարդկանց խաբելը Պետրոս Մակեյանը համարում է անբարոյականություն: